Հիվանդի մահվան համար 2.5 տարով ազատազրկված բժշկուհին շարունակում է աշխատել. վճիռը դեռ ուժի մեջ չի մտել
SocietyՄասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 2,5 տարվա ազատազրկման դատապարտված, Գյումրիի բժշկական կենտրոնի բժշկուհի, ռադիոլոգ Նազանի Մալխասյանի ի գործով վերաքննիչ բողոքի նիստերն անընդհատ հետաձգվում են:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դեռեւս այս տարվա հուլիսին դատարան ուղարկված այս գործով ընդամենը երկու նիստ է տեղի ունեցել, մնացածը հետաձգվել են:
Նշենք, որ Նազանի Մալխասյանը 30 տարվա բժշկուհի է: Նրան նաեւ երեք տարով զրկել են բժշկությամբ զբաղվելու իրավունքից: Ի դեպ, նա շարունակում է աշխատել հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:
Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: