«Պետական պարտք». ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Ծաղկաձորում կայացավ երկօրյա սեմինար
SocietyՏնտեսական ոլորտի լրագրողների համար ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Ծաղկաձորում նոյեմբերի 12-13-ը «Պետական պարտք» խորագրի ներքո տեղի ունեցավ սեմինար: Արմենպրեսի հաղորդմամբ` սեմինարն իրականացրեց ՀՀ ֆինանսների նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ (GIZ):
Սեմինարի առաջին օրը` նոյեմբերի 12-ին, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Այնուհետև պետական պարտք, զարգացման համառոտ ակնարկ, մարտահրավերներ, հեռանկարներ թեման ներկայացրեց ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:
Պետական պարտքի կայունության վերլուծություն կատարեց ՀՀ ֆինասների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Նոյեմբերի 12-ին սեմինարին ներկա էր նաև ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Տնտեսական ոլորտի լրագրողները սեմինարի ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին:
Նոյեմբերի 13-ին սեմինարի սկզբում տեղի է ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսը, այնուհետև Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականցվող ներդրումային ծրագրերի պատրաստման, հաստատման և վերահսկողության, ինչպես նաև իրականացման աջակցության մեխանիզմներ թեման լրագրողներին ներկայացրեց Համաշխարհային բանկի ծրագրերի ավագ պատասխանատու` Ալեքսանդր Հովհաննիսյանը:
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանն իր հերթին խոսեց զարգացման քաղաքականությունների, շրջանակային, վարկային ծրագրերի նախապատրաստման և հաստատման ընթացակարգերի մասին:
Սեմինարն ամփոփեց հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Արմեն Մինասյանը` խոսելով պետության առաջնահերթությունների և հանրային ակնկալիքների մասին:
Սեմինարի երկրորդ օրը նույնպես բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին: