«Արարատից Ֆուձիյամա» խորագրով համերգ է կազմակերպվել Վիեննայում
CultureԱվստրիայում ՀՀ դեսպանությունը նոյեմբերի 9-ին Ավստրիայում Ճապոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր «Արարատից Ֆուձիյամա» (From Ararat sar to Fuji san) խորագրով համերգ, որը տեղի ունեցավ «Japan-Europe Ensemble Cultural Fusion Tour» նվագախմբի հյուրախաղերի շրջանակներում: Ճապոնահայ ջութակահար Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ նվագախումբը Վիեննայի հանդիսատեսին ներկայացրեց եվրոպական և հայկական ժողովրդական ու դասական երաժշտության սեփական մշակումները՝ ճապոնական ավանդական նվագարանների ուղեկցությամբ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում Ճապոնիայի դեսպանության աշխատակիցներ, ավստրիացի մշակութային ու հասարակական գործիչներ, համերգի կապակցությամբ Ճապոնիայից ժամանած մեծ թվով այցելուներ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ հայ-ճապոնական պատմական կապերին, Հայաստանի անկախության վերականգնումից հետո դինամիկ կերպով զարգացող մշակութային հարաբերություններին, վերջին շրջանում տեղի ունեցած միջմշակութային հետաքրքիր նախագծերին: Նա հանդիսատեսին ներկայացրեց նաև ճապոնահայկական այդ յուրահատուկ նախագծի կայացման պատմությունը, խոսեց 2013թ-ից ի վեր նմանատիպ նախագծերի շրջանակներում Երևանում և Տոկիոյում հաջողությամբ անցկացված համերգների մասին:
Այնուհետև, Հայաստան կենտրոնի այցելուները ունկնդրեցին Բախի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները: