«Հեռավար ուսուցում» դասընթացի մասնակից 34 ուսուցչի հավաստագրեր հանձնվեցին
Society«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով չորրորդ դասընթացին մասնակցած լավագույն ուսուցիչներին ՀՀ ԿԳ նախարարությունում հավաստագրեր հանձնվեցին: Դասընթացներն իրականացվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից: «Այս դասընթացները կարևոր են ուսուցիչների մասնագիտական որակների բարձրացման համար: Այն ուսուցիչները, ովքեր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը մոտ չեն, ծրագիրն անցնելուց հետո մեծ գիտելիքներ և փորձ են ձեռք բերում»,- Արմենպրեսի հաղորդմամբ`նշեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, տիրապետել eXe ծրագրի և Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը հավաստագրեր հանձնեց դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և փոքր հեռավար դասընթացներ մշակած տարբեր մարզերի 34 ուսուցչի: «Այս ծրագիրը նպաստում է ուսուցչի զարգացմանը: Օգտվելով դրա հնարավորություններից` ցանկացա ինքս հեռավար ուսուցում իրականացնել, քանի որ այն շատ գայթակղիչ է և մեր ժամանակներին անհրաժեշտ»,-ասաց ծրագրի մասնակից, թիվ 65 ավագ դպրոցի ուսուցիչ Ռուզան Նիկոյանը:
Հայաստանի կրթական ցանցի կենտրոնական հանգույցում 2011 թվականի հունվարից գործում է «Հեռավար ուսուցում» հայալեզու համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ կրթական գործընթացներ իրականացնել: Համակարգի շահագործման ընթացքում ԿՏԱԿ-ը հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթանալու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով պարբերաբար մարզերի ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների որակավորման հեռավար դասընթացներ է կազմակերպում` «Դպրոցի տեղային ցանցի շա հագործման հմտությունների ուսուցում» թեմայով: Դասընթացների շնորհիվ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող մասնագետները մշակել, համակարգում տեղադրել և անցկացրել են տարբեր ուսումնական առարկաների հեռավար դասընթացներ` գործընկերների, ուսանողների և աշակերտների համար: