Մեկնարկում է հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթը
SocietyՀակամանրէային դեղերի պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթը մեկնարկեց նոյեմբերի 14-ին` «Հակամանրէային դեղեր. կիրառե'լ պատշաճ» խորագիրը կրող քարոզարշավով։ Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հակամանրէային դ եղերը անհիմն օգտագործում են ոչ միայն մարդիկ, այլեւ դրանք կիրառվում են գյուղատնտեսության մեջ որպես աճի խթանիչ: «Հակամանրէային դեղերն անհրաժեշտ է օգտագործել ռացիոնալ: Գյուղատնտեսության ոլորտում դրանք պետք է կիրառել միայն կենդանիներին բուժելի նպատակով, այն էլ անասնաբույժի անմիջական հսկողության պայմաններում»,-ասաց նա:
Զայցեւն առաջարկում է փոփոխություններ կատարել սոցիալական նորմերում եւ սովորություններում, ինչպես դա արվեց ծխախոտի եւ ամրագոտիների դեպքում: «Չպետք է պահանջել հակաբիոտիկներ դեղատներից առանց դեղատոմսի: Եթե մենք այդ դրույթները պահպանենք, ապա դրական իմաստով փոփոխությունները մեր կյանքում ակներեւ կլինեն»,- Արմենպրեսի հաղորդմամբ ասաց ԱՀԿ ներկայացուցիչը:
Հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման իրազեկմանն ուղղված համաշխարհային շաբաթի նպատակն է բարձրացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ իրազեկման մակարդակը եւ իրականացնել ՀՄԴԿ հետագա աճն ու տարածումը կանխարգելելու լավագույն փորձի փոխանակում` առողջապահության ոլորտի մասնագետների եւ քաղաքականություն մշակողների շրջանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, մտահոգ լինելով հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀՄԿ) խնդրով, դեռ 2014թ. մայիսին Առողջապահության համաշխարհային ասամբլեայում բարձրացրել է դրա դեմ պայքարի գլոբալ ծրագիր մշակելու անհրաժեշտության հարցը։ Արդյունքում՝մեկ տարի անց Առողջապահության համաշխարհային 68-րդ ասամբլեան հաստատել է ՀՄԿ դեմ պայքարի գլոբալ ծրագիրը։ Աշխարհի բոլոր երկրներն աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ 33 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, առաջնորդվում է ազգային ծրագրով։