Գերմանիան գոհ է ՀՀ խաղաղապահ բրիգադից, Հայաստանը պատրաստ է ընդլայնելու համագործակցությունը
SocietyԳերմանիան գոհ է ՀՀ զինված ուժերի, մասնավորապես Խաղաղապահ բրիգադի հետ համագործակցությունից: «2010 թվականից Գերմանիայի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ ուժերը մասնակցում են Աֆղանստանում ընթացող խաղաղապահ առաքելությանը: Մենք երախտապարտ են Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցության համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույց ում ասաց ՀՀ-ում Գերմանիայի ռազմական կցորդ, գնդապետ Միխայիլ Վեստերմանը:
Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում կազմակերպվել է այց ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադ: Այցի շրջանակում բրիգադի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, մայոր Երվանդ Ոսկանյանը գործընկեր երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ռազմական կցորդներին ներկայացրեց հայկական խաղաղապահ բրիգադի առաքելությունը, ընդհանուր կառուցվածքը:
«Հայկական խաղաղապահ ուժերը նախնական պատրաստություն են անցնում Հայաստանում, ապա գործընկեր որեւէ երկրում, հետո ուղղորդվում համապատասխան երկիր առաքելությունն իրականացնելու համար, ինչպես օրինակ` պատրաստություն են անցնում Գերմանիայում, ապա մեկնում Աֆղանստան: Սպաների մեծամասնությունը հավելյալ դասընթացների է մասնակցում Եվրոպայում, ԱՄՆ-ում: Խոսելով խաղաղապահ բրիգադի մասին` կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում ունենք հայտարարագրված մի գումարտակ, որը 2007-2015թթ. անցել է բոլոր փուլերը եւ այժՄ ունի մարտական պատրաստվածության հավաստագիր»,-ներկայացրեց մայորը:
Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը տեղեկացրեց, որ 1902 թվականին կառուցված շինությունը, որտեղ տեղակայված է բրիգադը, վերանորոգումից հետո ծառայելու է որպես ռազմական ուսումնարան, իսկ բրիգադը տեղափոխվելու է մեկ այլ շինություն:
«Հայրենական պատերազմի ժամանակ այս տարածքում կազմավորվել է եւ ռազմաճակատ է մեկնել 5 հայկական դիվիզիա: Նորաստեղծ հայկական պետության մեջ առաջին հայկական գունդը եւս այստեղ է ձեւավորվել»,-նշեց հրամանատարը:
Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի համապատասխան ներուժ եւ կարողություն գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու համար: