ՀՀ ԳԱԱ-ն խորացնում է համագործակցությունը Չինաստանի գիտական հաստատությունների հետ
SocietyՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ նոյեմբերի 7-10-ին այցելեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցեց Պեկին քաղաքում կազմակերպված Ազգային գիտական կազմակերպությունների առաջին միջազգային գիտական ֆորումին՝ նվիրված «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայությունից:
Ֆորումի գլխավոր նպատակն էր ազգային ակադեմիաների և հետազոտական կազմակերպությունների միջև գտնել համագործակցության մեխանիզմներ՝ աջակցելու համատեղ հետազոտությունների իրականացմանը, կարողությունների զարգացմանը:
Ֆորումին մասնակցում էին 67 երկրների 420 ներկայացուցիչներ:
Ֆորումի քննարկման հիմնական ուղղությունները 4-ն էին՝
1. շրջակա միջավայր և կայուն զարգացում
2. ընդունելի և կանաչ տեխնոլոգիաներ
3. զարգացող հիվանդություններ և առողջություն
4.կարողությունների զարգացում, անձնակազմի թրեյնինգներ և հիմնարար հետազոտություններ:
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը ֆորումին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի վերաբերյալ ուսումնասիրությունները և արդյունքները:
Ֆորումի ավարտին ընդունվեց «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկին հռչակագիրը»: Հռչակագրով ֆորումին մասնակցող 20 ազգային գիտական եւ հետազոտական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով միավորել ջանքերը՝ ուժեղացնելու գիտության, տեխնոլոգիաների և նորարությունուններ ոլորտում համագործակցությունը հանուն ընդհանուր զարգացման, ստեղծել համատեղ նորարաությունների իրականացման հարթակ և համագործակցության երկարաժամկետ մեխան իզմներ՝ կենտրոնանալով խոշոր մարտահրավերների հաղթահարման վրա, կազմակերպել համատեղ միջազգային ծրագրեր՝ հիմնված հավերժական արժեքների՝ խաղաղության և համագործակցության, թափանցիկության, ներգրավվածության, փոխադարձ ուսուցման և փոխշահավետության վրա:
Չինաստան այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահների հետ: Կողմերը քննարկեցին երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները, գիտական և հետբուհական կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտ ապագայում Չինաստանի ակադեմիաների պատվիրակությունները կժամանեն Հայաստան՝ ամրապնդելու և խորացնելու երկու երկրների գիտական կառ ույցների միջև առկա համագործակցությունը: