Մարտունու ԲԿ տեղափոխված երիտասարդի մահվան պատճառը եղել է ավտովթարը
SocietyԳեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչ, 1999 թվականին ծնված Արտյոմ Մխոյանը նոյեմբերի 14-ին հետկեսօրին Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Կարեն Սերոբյանը, նախաքննության արդյունքների համաձայն, երիտասարդի մահը վրա է հասել իր կողմից վարած մեքենայի վթարի պատճառով:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նոյեմբերի 14-ի ժամը 14-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչ, 17 տարեկան Արտյոմ Մխոյանը իր հոր՝ Արտակ Մխոյանին պատկանող «Նիվա» ավտոմեքենայով ընկերների հետ գնացել է Մանիշկայի ձոր կոչվող տարածք: Վերադարձի ճանապարհին մեքենան մինչեւ 65 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով եւ վրա է հասել մահը»,-ներկայացրեց Կարեն Սերոբյանը: Ըստ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Կարապետյանի՝ Արտյոմ Մխոյանը Մարտունու ԲԿ է տեղափոխվել մահացած վիճակում:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Խոսրով Խլղաթյան