ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում համախմբվել են փորձագետներ`քննարկելու կիբեռ- անվտանգության ոլորտում առկա խնդիրները
SocietyՀայաստանում նոյեմբերի 14-18-ն անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում կազմակերպված «Կիբեռ-անվտանգության կարողությունների զարգացում» թեմայով հերթական աշխատաժողովը համախմբել էր Հայաստանի եւ արտերկրի փորձագետներին` քննարկելու կիբեռ-անվտանգությանն առնչվող հարցեր, ներկայացնելու միջազգային փորձը, փոխանակելու մտքեր:
ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանի խոսքով` կիբեր-տարածքը հնարավորություններով հանդերձ ունի նաեւ սպառնալիքներ, հետեւաբար թե պետության, թե տարբեր ձեռնարկությունների համար կարեւոր է սեփական կիբեռ-տարածքի պաշտպանությունը:
«Հայաստանը 2008-2009 թվականներին արդեն իր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում ներառեց կիբեռ-անվտանգության ոլորտին առնչվող նպատակները եւ դրանից բխող գործողությունները: Մենք օգտվում ենք ինտերնետից, եւ շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես Freedom House հեղինակավոր կազմակերպության կողմից համարվում է ազատ երկիր համացանցից օգտվելու տեսանկյունից: Այսօր բոլորը կապ ունեն համակարգչի, համացանցի հետ, էլ. փոստերով, սոցցանցերով հաղորդակցվում են, այսինքն` մենք գործ ունենք կիբեռ-տարածքի հետ, եւ բնականաբար, կիբեռ-տարածքի սա հմանները պաշտպանելը արտաքին սպառնալիքների մեջ շատ կարեւոր է»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Գագիկ Հովհաննիսյանը:
Աշխատաժողովին, որին ներկա էին շուրջ 10 փորձագետներ արտերկրից, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ումԳերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը.
«Ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք համոզել գերմանացի մի քանի գործընկերների՝ գալ այստեղ, ուրախ եմ, որ կարող ենք նպաստել այս կարեւոր աշխատաժողովին: Կարեւոր շեշտադրումներ են լինելու այսօր, բայց ամենակարեւորն այն է, որ կենդանի քննարկումներ ենք ունենալու, փոխանակելու ենք կարեւոր տեղեկություններ»,-եզրափակեց դեսպանը: