Պաշտպանության նախարարը հորդորեց դեմ չքվեարկել
SocietyԱյսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում էին բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցի վերաբերյալ քննարկումները, որի ժամանակ ամփոփիչ ելույթով հանդես եկավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ինչպես նշեց նախարարը, այս հարցի հետ կապված քննարկումները ցուցիչ էին, որ իր կողմից առաջարկվող գաղափարը հուզել է յուրաքանչյուրին:
«Ես գոհ եմ, որ անտարբերություն չեղավ` այս հարցի հետ կապված: Ես գալիս եմ այստեղ Եռաբլուրից. այսօր Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20-ամյակն է: Ես այցելեցի ապրիլյան օրերին զոհված հերոսների շիրիմներին եւս: Մտածում էի` արդյո՞ք արդար է, որ մենք նոր էջ ենք բացում` հույս ունենալով, որ երբեք դրա կարիքը չի լինի, բայց մտածելով մեխանիզմների մասին, որոնք միտված են ապագային:
Ես նայում էի այնտեղ կանգնած ծնողների աչքերին եւ հասկացա, որ մենք միանշանակ ճիշտ ենք, որովհետեւ եթե մենք ինչ-որ պահի չենք ունեցել մի զինատեսակ, դա չի նշանակում, որ վաղը չպետք է փորձենք այն ձեռք բերել: Եթե մենք ժամանակին պայքարել ենք առանց խրամատ, դա չի նշանակում, որ մենք չպետք է փորենք նորը: Եթե մենք չենք ունեցել պաշտպանության այս կամ այն մեխանիզմը, դա չի նշանակում, որ չենք ունենալու այն ապագայում, այնպես որ այստեղ եկել եմ իմ համոզմունքի մեջ շատ ամրացած, որ կազմել եմ ճիշտ նախագիծ»,- ասաց նախարարը՝ հորդորելով բոլորին` լավ մտածել։
«Չէի ուզենա, որ որեւէ մեկը դեմ քվեարկեր, եթե անգամ համոզմունքը թույլ չի տալիս կողմ քվեարկել: Նախարարը խնդրեց այդպիսի պատգամավորներին ոչ թե դեմ քվեարկել, այլ գոնե չքվեարկել»,- ասաց նա:
Պաշտպանության նախարարը նշեց, որ շատերը շռայլորեն ցեխ էին շպրտում սպայակազմի ու գեներալների վրա: «Հավատացեք` նրանք ցեխի պակաս չեն զգում, եւ եթե կա մի սպա, ով արատավորել է համակարգը, մեր պարտքն է այն հայտնաբերել ու բացառել, պատժել: Այստեղ` ԱԺ-ում էլ, կան մարդիկ, ովքեր խորը թաթախված են այդ ցեխի մեջ, ուրեմն եկեք մտածենք, թե ում վրա ինչ ցեխ ենք շպրտում: Զգույշ խոսեք»,- ասաց նախարարը: