«Օսկար»-ին չառաջադրվելու եւ «Ոսկե գլոբուս»-ին ներկայանալու մասին. Կայացավ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Այսօր` նոյեմբերի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը հենց սկզբից հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն իր սյուժեի, այնտեղ հնչող ադրբեջաներենի եւ Սերժ Թանկյանի հեղինակած սաունդթրեքի, այլեւ «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հայկական հավակնորդներից լինելու շնորհիվ:

«Եթե կա ֆիլմ, որի շուրջ ստեղծագործական անձնակազմ է աշխատել, բնականաբար բոլորս էլ ունեցել ենք նպատակ եւ այդ նպատակը ֆիլմը միջազգային հարթություն հասցնելն է: Փորձեցինք ֆիլմը ներկայացնել հայկական ազգային կինոակադմիային, որպեսզի Հայաստանի կողմից այն ներկայացվի «Օսկար»-ի, բայց չստացվեց: Առաջիկայում ֆիլմը կմասնակցի միջազգային փառատոնների: Այն արդեն ներկայացրել ենք «Ոսկե գլոբուս»-ին: Աշխատանքն արդեն արված է, սպասում ենք արդյունքին: Գիտեք՝ ես սիրում եմ ֆիլմեր նկարահանել եւ այն թեման, որի շուրջ ես մտորում եմ, Արցախն է, որը ես ուզում եմ վեր հանել նաեւ միջազգային հարթություն»,-նշեց ռեժիսորը:

«Վերջին բնակիչը» ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղի եւ այնտեղ մնացած հայի՝ Աբգարի մասին, որը փնտրում է իր աղջկան: Վերջինս ականատես է եղել, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, ինչից հետո հոգեկան խանգարումով հոսպիտալացվել է:
Դիտողներից շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Աբգարը մի փոքր զուսպ եւ խղճահարություն առաջացնող կերպար է, մինչդեռ հերոսին մարմնավորող դերասան Ալեքսանդր Խաչատրյանն այդ կարծիքը չի կիսում.

«Գիտե՞ք՝ ես չեմ կարծում, թե Աբգարը խեղճ կերպար է: Միգուցե, նա ավելի խեղճ է այն ժամանակ, երբ կերակրում է իր աղջկան, քան այն ժամանակ, երբ ադրբեջանցիները ֆիլմի սկզբում ծնկի էին իջեցրել նրան եւ տարբեր կողմերից հարվածում էին: Նա բավականին խիզախ կանգնում է նրանց առջեւ: Պարզապես, սա մի հերոս է, մարդ՝ իր զգացմունքներով, իր երազանքներով… Հո՞ բոլորը Սասունցի Դավիթ չեն»,-նշեց դերասանը:
Հիշեցնենք, որ Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2013 թվականին, եւ ավարտվել են 2016-ին: Այն 5 երկրների՝ Հայաստանի, Լիտվայի, Շվեդիայի, Լիբանանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ արտադրություն է: Դերասանական կազմում եւս կան արտասահմանցներ՝ Իրանից, Հունաստանից, Լիտվայից: Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն: Հայ դերասաններից ֆիլմում նկարահանվել են նաեւ Սոս Ջանիբեկյանն ու Նարինե Պետրոսյանը:

Ֆիլմասերները «Վերջին բնակիչը» ժապավենը մեծ էկրաններին կարող են դիտել սկսած նոյեմբերի 17-ից:
Սյունե Առաքելյան