Ռուբեն Հայրապետյանի պատասխանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին
SportՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ 2016 թ. նոյեմբերի 4-ին մեդիայի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մտքերին:
«Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը և, ձևանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ ևս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ, ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ: Շատ ավելի ափսոսում եմ, որ միայն «նախարարական» երկրորդ փորձից «մեծագույն» մասնագետը հասկացավ, որ պետք է զբաղվի բոլոր մարզաձևերով՝ ներառյալ ֆուտբոլը, բայց, ավաղ, դեռևս չի հասցրել հասկանալ, որ խոսքը կազմակերպված և պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին չէ, առավել ևս՝ ֆուտբոլի հավաքականի, նրա մարզչի և այլն»,- ասված է հայտարարության մեջ:
Հայրապետյանը հարկ չի համարել երկար անդրադառնալ խնդրին և շեշտել է. «Միայն նշեմ, որ վերջին 10-13 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն 24 անգամ տարբեր ժամկետներով որակազրկել և զանազան պատժամիջոցներ է կիրառել անդամ ֆեդերացիաների նկատմամբ՝ տվյալ երկրում պետության կամ երրորդ կողմի կողմից ֆեդերացիաների գործունեությանը միջամտելու պատճառով»: