Զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցության ԱԺ հիմնադրամը կբացահայտի առավել թիրախային խմբերը
SocietyՀայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցության հիմնադրամը քայլեր կձեռնարկի առավել թիրախային խմբերի բացահայտման ուղղությամբ: Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին կայացավ հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի առաջին նիստը:
Հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության նպատակը, կանոնադրությունը, խորհրդի, աշխատանքային հանձնաժողովի և աշխատակազմի կազմավորման սկզբունքները: «Այսօրվա հանդիպման նպատակն է շահառուների խմբերի բացահայտման, կարիքների գնահատման հարցում առաջարկների բարձրաձայնումը, որոնք կներկայացվեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին»,- Արմենպեսի հաղորդմամբ՝ ասաց Բաբայանը:
Նիստի մասնակիցները կարևորեցին առաջիկա այցերը վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, որոնց ընթացքում հնարավոր կլինի բացահայտել առավել թիրախային խմբերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, կարևորվեց ծախսերի արդյունավետ օգտագործման հարցում գործուն մեխանիզմների կիրառումը: Նիստի ընթացքում տեղի ունեցավ նաև հիմնադրամի կայքի շնորհանդեսը: Հիմնադրամի տնօրեն Արսեն Բաբայանը ներկայացրեց կայքէջի առանձնահատկությունները:
Հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի առաջին նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Արսեն Բաբայանը, Արծրուն Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Վրույր Պեպանյանը, Էդգար Էլբակյանը և Քրիստինա Պողոսյանը։