Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ Արթուր Վանոյանի սպանության համար
Society«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին նաեւ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
Բարսեղյանին նաեւ օրերս մեղադրանք էր առաջադրվել Յուրի Տեփանոսյանի մահվան համար։
Ալումյանը նշեց, որ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքներով նրան հասնում է մինչեւ ցմահ ազատազրկում, սակայն, այդ մեղադրանքներում իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:
Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով եւ սպանության՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով: