Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնին մասնակցում է 500 երեխա
CultureՄանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ (ներառական) հանրապետական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվեց նոյեմբերի 17-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Տարբեր պատճառներով հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց երևակայությամբ և կատարողական արվեստով չեն զիջում մյուսներին: Ներկայացրել են բազմաթիվ որակյալ, հետաքրքիր աշխատանքներ: Շնորհակալ եմ նրանց ուսուցիչներին երեխաների կատարելագործմանը նպաստելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Փառատոնի բացմանը երիտասարդներն ու երեխաները ներկայացրեցին իրենց գեղանկարչական, լուսանկարչական և այլ աշխատանքներ:
«18 տարի լուսանկարչությամբ եմ զբաղվում և հիմնականում նկարում եմ բնապատկերներ: Այս տարիների ընթացքում եկել եմ այն եզրահանգմանը, որ Հայաստանում բացահայտելու շատ բան կա: Բոլոր աշխատանքներն էլ թանկ են ինձ համար, սակայն գիշերով նկարածս Մասիսը հատկապես եմ սիրում: Բազմաթիվ ցուցահանդեսներով եմ հանդես եկել և նկարահանել ֆիլմեր, որոնք հատուկ մրցանակների են արժանացել տարբեր փառատոններում»,-ասաց մասնակից, լուսանկարիչ Գառնիկ Մելիք-Կարապետյանը:
«Միջոցառումների ընթացքում գտնում ենք շնորհաշատ երեխաների, որոնք իրենց ուսումը շարունակում եմ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Երեխաներն ու երիտասարդները կարողանում են նկարչության, խեցեգործության, երաժշտության միջոցով ազատ և անկաշկանդ արտահայտել իրենց զգացմունքները»,-ընդգծեց Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի տնօրեն Աիդա Մելքոնյանը և հավելեց, որ նկարելիս երեխաներն հիմնականում պատկերում են տուն, արև, ընտանիք և Հայաստանը:
Ցուցահանդեսից հետո մասնակիցների մյուս մասը հանդես եկավ երաժշտական կատարումներով՝ ջերմացնելով ներկաների հոգիները:
Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ և մասնակցում է 500 երեխա: Երևանում և ՀՀ մարզերում միջոցառումներն իրականացվելու են նոյեմբերի 17-24-ը «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի աջակցությամբ: