Հայաստանը դառնում է մուլտիմոդալ բեռնափոխադրումների` Եվրոպան Իրանին կապող տարանցիկ երկիր
EconomicsՀայաստանը կդառնա տարանցիկ երկիր` Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնելիս: «Փորձնական տարբերակով` այս շաբաթ ծովային 2 կոնտեյներ Գերմանիայից դուրս է եկել, գալով Ռումինիայի նավահանգիստ, ջրային ճանապարհով տեղափոխվել Փոթի, այնուհետև երկաթուղով մինչև Երասխ կայարան, որտեղից էլ ավտոտրանսպորտով տեղափոխվել է Իրան»,- Արմենպրեսի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
Տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ուղին քննարկվում էր վերջին երկու տարիներին: Սակայն ընթացիկ տարվա սեպտեմբերին Թեհրանում կայացած «Armenia EXPO- 2016» ցուցահանդեսի ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարության և Իրանի տրանսպորտային ընկերությունների ֆեդերացիայի պատվիրակության հանդիպումով մեկնարկեց բանակցությունների գործնական փուլը:
Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելյանը նշեց, որ սա փորձնական փոխադրում էր:
«Այն թույլ տվեց մեզ ու մեր գործընկերներին դիտարկել ու վերլուծել ճանապարհին ծագող խնդիրները և համատեղ աշխատանքով փորձել հարթել այն խոչընդոտները, որոնք ազդում են փոխադրման ժամանակի և գնի վրա», -ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով` կոնտեյներները Փոթիից Երասխ նավահանգիստ են հասել 38 ժամում, որը բավական լավ ցուցանիշ է, սակայն պետք է աշխատել այդ ժամանակը հետագայում հնարավորինս կրճատելու ուղղությամբ:
«Բացի տնտեսական ակտիվության մեծացումից, այս միջանցքի ստեղծումը ունի նաև ստրատեգիական նշանակություն: Հաշվի առնելով հարևան երկու պետությունների հետ փակ սահմանները` չափազանց կարևոր է, որ մենք ունենանք կայուն աշխատող տրանսպորտային միջանցք»,- ասաց Արթուր Առաքելյանը: Նրա համոզմամբ` այս ծրագիրը կնպաստի նաև հարևան երկրների` մասնավորապես Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը:
Արթուր Առաքելյանը կարևորեց նաև Իրանում Հայաստանի և ՀՀ-ում Իրանի դեսպանների դերակատարությունը՝ կողմերի միջև քննարկումների արդյունավետ անցկացման գործում: