Ես նրան ասացի, որ արդեն հայտնի է դարձել. Գուրգեն Դաբաղյանը` իր և «X-Factor»-ի մասնակից Եղիշեի հանդիպման մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արդեն մի քանի օր է մեծ քննարկում է առաջացրել «X-Factor» նախագծում մասնակիցներից մեկի` Եղիշեի ելույթն ու ժյուրիի վերաբերմունքը: Life.panorama.am-ն այս թփմայի շուրջ օրեր առաջ խոսել էր երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ, ում երգը կատարում էր մասնակիցը` Դրախտիկ գյուղից: Մեր զրույցի ընթացքում հնչած հարցին, թե արդյոք Գուրգենը կցանկանար հանդիպել նրան ու իր երգերը երկրպագող 17-ամյա Եղիշեի հետ, Գուրգենը նշել էր, որ Եղիշեի կողմից առաջարկի դեպքում` սիրով պատրաստ կլինի:
Պարզվում է, մեր զրույցից շատ չանցած Եղիշեի առաջարկն իրեն սպասեցնել չի տվել:
«Իմ ֆեյսբուքյան էջին Եղիշեն գրել էր ու ցանկություն հայտնել հանդիպել, իսկ դրանից շատ չանցած` իմ օգնականը, ով զբաղվում է ֆեյսբուքի իմ էջով, կազմակերպեց մեր հանդպումը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Գուրգենն ու շարունակեց.
«Մեր հանդիպման ընթացքում խոսել ենք երաժշտությունից, ասեմ, որ Եղիշեն շատ է սիրում երգն ու ծրագրեր ունի պրոֆեսիոնալ զբաղվել երաժշտությամբ: Շատ լավ զրույց ունեցանք միասին, նա շատ լուրջ ու լավ տղա է»:
Մեր հարցին, թե Եղիշեն ընկճվա՞ծ էր արդյոք «X-Factor»-ում իր ելույթի ժամանակ ժյուրիի վերաբերմունքից ու դրան հաջորդած ֆեյսբուքյան քննարկումներից, ժպիտով պատասխանեց.
«Չգիտեմ, ընկճված էր արդյոք, թե ոչ, բայց ես նրան ասացի, որ արդեն հայտնի է դարձել»:
Գուրգենը դժվարացավ նշել, ապագայում Եղիշեն ու ինքը միասին կհամագործակցեն, թե ոչ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան