Երիտասարդ բժիշկները միավորվեցին լուծելու իրենց առջև ծառացած խնդիրները
SocietyԾաղկաձորում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի (ԵԲԱԽ) հիմնադիր համագումարը:
Համագումարի ընթացքում քննարկվեցին հանրապետությունում երիտասարդ բժիշկներին վերաբերվող հարցեր:
Համագումարի ընթացքում գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը նշեց, որ դեպքերի բերումով բազմիցս առնչվել է երիտասարդ բժիշկների հաճախ հանդիպող խնդիրներին. գլխավորն այն է, որ բժիշկները, որպես մասնագետներ, մրցունակ չեն ներքին փոքր և դրսի մեծ շուկաներում:
«Ներքին շուկայում մրցունակ չենք, քանի որ այն փոքր է և հագեցած, այդ պատճառով նրանք դժվարությամբ են աշխատանք գտնում: Դրսի շուկայում հագեցած չենք, քանի, որ կա լեզվական պատնեշ և բժշկական համալսարանն ավարտած ամենափայլուն գնահատականներով բժիշկն անգամ չի կարող իր գիտելիքներով բավարարել արտերկրում բժշկական կրթությունը շարունակելու համար պահանջվող քննության նվազագույն շեմը»,- ասաց նա:
Գյումրու ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի խոսքով` մարզերի համաչափ զարգացման պարտադիր բաղադրիչ է մարզային առողջապահությունը: «Գաղտնիք չէ, որ երիտասարդ բժիշկների համար ցանկալի է տեղավորվել մայրաքաղաքային կլինիկաներում, որով էլ պայմանավորված է մարզային առողջապահության խոցելիությունը»,- նշեց նա:
Վանաձորի ԲԿ ախտաբանաանատոմիական բաժանմունքի վարիչ Վահագն Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ ներկա երիտասարդ բժիշկները բավականաչափ կայացած են իրնեց մասնագիտության մեջ: «Պետք չէ անտեսել նաև բազմաթիվ հաջողությունները և մասնագիտական նվաճումները»,- ասաց նա և հավելեց, որ համագումարի հիմնական աշխատանքները պետք է ուղղվեն առողջական խնդիրների հաղթահարման մեխանիզմների լուծմանը` ընդգծելով, որ լուծումը կախված է յուրաքանչյուրից:
ԵԲԱԽ համակարգող Նարեկ Վանեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ համագումարը ցույց տվեց, որ միավորվում են մեկ ընդհանուր տանիքի տակ: «Մենք ունենք համընդհանուր խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ: Դրանք հետևողականություն պահանջող խնդիրներ են, ուստի գտնում ենք, որ դրանց լուծման շնորհիվ երիտասարդ բժիշկը կկարողանա առողջապահական համակարգում գտնելի իր տեղը: Մարզերում երիտասարդ բժիշկներին անհրաժեշտ է պահել և փայփայել ու պայմաններ ստեղծել, որ աշխատեն»,-ասաց ԵԲԱԽ համակարգողը:
Համագումարի ժամանակ միասնական համաձայնությամբ ԵԲԱԽ նախագահ ընտրվեց Նարեկ Վանեսյանը: