Շուրջ 20 օր փրկարարներին չի հաջողվում գտնել Սևանա լճում կորած 2-րդ ձկնորսին
SocietyԱրտակարգ իրավիճակների փրկարար ծառայության ջրափրկարարներն արդեն շուրջ 20 օր որոնողական աշխատանքներ են կատարում Սևանա լճում՝ Նորատուս գյուղի մոտակայքում կորած երկու ձկնորսներից երկրորդին՝ Ա. Կ.-ին։
Նոյեմբերի 19-ին, ժամը 11.47-ին ջրափրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Ժամը 18.33-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ անարդյունք:
Հիշեցնենք, որ ս. թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով դուրս էին եկել Սևանա լիճ ձկնորսության և չէին վերադարձել։
Դեպքի վայր էին մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին: