«Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դուրս է բերել ծանր տեխնիկան Գլաձորի հանքավայրի տարածքից
Society«Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դուրս է բերել ծանր տեխնիկան Գլաձորի հանքավայրի տարածքից: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Վայոց ձորի Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 17-ին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն փորձել էր ծանր տեխնիկա մտցնել Գլաձորի հանքավայրի տարածք: Ազդակիր Վերնաշեն եւ Գլաձոր համայնքների 700-ից ավելի բնակիչներ իրենց համայնքապետերի գլխավորությամբ դուրս էին եկել բողոքի՝ կանխելու ծանր տեխնիկայի մուտքը հանքավայրի տարածք:
«Մենք իրենց ասել ենք` բերեք, ցույց տվեք փաստաթղթերը, որ դուք իրավունք ունեք մտնել այս տարածք: Իրենք մեզ ասացին, որ 100 տոկոսով այդ թղթերը կան, բայց, փաստորեն, 100 տոկոսով իրենք սխալ էին: Իրենց մոտ ոչ մի թուղթ չկար: Ես իրենց մեկ օր ժամանակ էի տվել, որպեսզի ծանր տեխնիկան դուրս բերեն հանքավայրի տարածքից, որն ընկնում է Վերնաշեն համայնքի տարածքի մեջ: Տեխնիկայի մի մասը դուրս է բերվել երեկ, իսկ մյուսը՝ այսօր՝ առավոտյան», - հայտնեց Վերնաշենի համայնքապետը:
Վերնաշենի բնակիչները պնդում են, որ հանքի շահագործմամբ կաղտոտվեն իրենց խմելու եւ ոռոգման ջրային աղբյուրները, կվտանգվեն հանքավայրի հարակից տարածքում գտնվող իրենց խնձորի, ծիրանի պտղատու այգիները, ինչպես նաեւ «Վերնաշեն» գինու հումք հանդիսացող խաղողի 12 հա այգին:
Ներկայումս Գլաձորի հանքավայրի շահագործման գնահատման հաշվետվությունը ներկայացված է բնապահպանական փորձաքննության հիմնական փուլ, սակայն հանրային լսումների օրը դեռ նշանակված չէ:
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից «ԷկոԼուր»-ին տեղեկացրել են, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն ոչ մի եզրակացություն չի ստացել, եւ առանց փորձաքննական եզրակացության ոչինչ չի կարելի անել:
Գլաձորի հանքավայրում հաշվարկվել է կապարի 628.37 հազ.տ, ցինկի 711.44 հազ.տ, պղնձի 63.4հազ.տ, կադմիումի 2605.3տ, արծաթի 201.18տ, ոսկու 9789.0կգ պաշար: «Վայկ Մետալ» ընկերությունը մտադիր է հանքը շահագործել 3 բացհանքերի եւ ստորգետնյա եղանակով: