Փորձում եմ ամեն ինչ սրտիս մոտ չընդունել. Շպռոտը՝ նոր տեսահոլովակի եւ իր համարձակ կերպարի մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Օրերս ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը երկրպագուներին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Կտրիճ Դավո» երգի հիման վրա: Ամենահամարձակ հայ երգչուհին, ինչպես միշտ, ներկայացել է յուրօրինակ եւ տարբերվող կերպարներով, որոնք բուռն քննարկմամ առիթ են դարձել հայ երաժշտասերների համար: Երգի ընտրության, իր համարձակ կերպարի եւ դրա շուրջ ստեղծված աղմուկի մասին NEWS.am STYLE-ը հետաքրքիր զրույց է ունեցել Շպռոտի հետ:
«Այս երգը միշտ սիրել եմ Հարութ Փամբուկչյանի կատարմամբ, այդ պատճառով էլ Lazzaro-ի հետ որոշեցինք այն ներկայացնել նոր շնչով»,-ասում է երգչուհին, որն իր իսկ խոսքով՝ նորմալ է վերաբերվում իր աշխատանքների մասին հնչող բոլոր կարծիքներին.
«Մարդկանց բացասական կարծիքն ինձ համար նորություն չէ: Դա էլ է կարծիք…Շնորհակալ եմ բոլորին, ովքեր դիտել են տեսահոլվակն ու արտահայտվել են…Փորձում եմ ամեն ինչ սրտիս մոտ չընդունել»:

Տարիներ առաջ Շպռոտը հայկական շոու-բիզնեսում դարձավ առաջին երգչուհիներից մեկը, որը հեռուստադիտողին ցնցեց իր բաց եւ համարձակ կերպարներով՝ միաժամանակ բախվելով մի շարք դժվարությունների: Այս ամենը հիշելով մեր երգարվեստի ամենախենթ երգչուհին ասում է.

«Հեշտ չէ պահել այս ոճը, չդավաճանել ինքդ քեզ, մանավանդ, իմ դեպքում: Դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես դրան պատրաստ էի»:
Այժմ Շպռոտը բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ երգում է հայկական ռեստորաններից մեկում: Երգչուհին վերջին անգամ հայրենիքում եղել է 6 տարի առաջ, սակայն խոստովանում է՝ շատ է կարոտել Հայաստանը.

«Անչափ կարոտել եմ իմ երկիրը, իմ լսարանին: Դուք ուրիշ եք, դուք ճաշակով եք, անկեղծ եք՝ թե սիրո մեջ, թե ատելության: Ես ձեզ շատ եմ սիրում»,-ահա այս խոսքերն ուղղեց երգչուհին իր հավատարիմ հանդիսատեսին:
Սյունե Առաքելյան