«Խոսիր ինձ հետ»-ը կհամալրի տիկնիկային թատրոնի ներկայացումների շարքը
Culture«Խոսիր ինձ հետ» դրամատիկ ներկայացման պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 1-ին և 3-ին` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացման մասին Արմենպրեսը զրուցեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:
«Ներկայացումը ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի և անգլիացի մեծանուն թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների միքսն է: Ներկայացման յուրահատկություններից մեկն այն է, որ խաղում ենք փորձասենյակում, աստիճանների վրա, պատշգամբում»,-նշեց գեղարվեստական ղեկավարը:
Ներկայացման գլխավոր դերակատարներից են երիտասարդ դերասաններ Տաթևիկ Հովակիմյանը, Դավիթ Սարգսյանը, բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է: Մոտավորապես չորսը ամիս են աշխատել ներկայացման վրա:
Ռուբեն Բաբայանի խոսքով` շատ ինտերակտիվ ներկայացում է լինելու: «Այն խաղարկային հոգեբանական ժանրում է: Աննկարագրելի տպավորություն է, երբ դերասանը քեզ այդքան մոտ է խաղում. կեղծ շարժումը, անհամոզիչ էմոցիան կարող են խափանել ամեն ինչ, ուստի դերասանից մեծ վարպետություն է պահանջվում հանդիսատեսին գրավելու, նրան զգազմունքների ճշմարտացիությանը համոզելու համար»,-ընդգծեց Բաբայանը:
Գեղարվեստական ղեկավարը շեշտեց, որ «Խոսիր ինձ հետը» ծրագրային ներկայացում չէր: «Երբ ինձ ցույց տվեցին բեմադրությունը կիսաեփ վիճակում, որոշեցինք այն խաղալ փորձասենյակում, ինչը նոր էքսպերիմենտ է, չնայած մենք միշտ ենք աշխատում օգտագործել թատրոնի ողջ տարածքը: Կամերային ներկայացում է և կարող է ներկա գտնվել 20-25 մարդ»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Դեկտեմբերի 17-ից տիկնիկային թատրոնում տեղի կունենա նաև փոքրիկների համար նախատեսված «Պինգվինները և նոր տարին» պայմանական անվանմամբ ներկայացումը: