Վահան Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված առողջապահության նախարարությունում կոնսիլիում է կազմակերպվել
SocietyՆորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման հետ կապված ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվել է կոնսիլիում՝ հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ:
Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սաթենիկ Մկրտչյանը: «Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տ. Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Մ. Նարիմանյանը, գլխավոր սրտաբան Հ. Հայրապետյանը:
Կոնսիլիումի իրականացման պահին նախնական եզրակացությամբ հիվանդ Վահան Գրիգորի Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Կոնսիլիումն առաջարկել է մի շարք լաբորատոր, գո րծիքային հետազոտություններ իրականացնել, որի արդյունքների հիման վրա հնարավոր կլինի ճշգրտել ախտորոշումը, ախտորոշման վերջնական սահմանումից հետո կորոշվի բուժման տակտիկան: ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանը՝ որպես հատուկ խմբում ընդգրկված անձ ՀՀ կառավարության N 318-Ն որոշման համաձայն անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների կենթարկվի պետպատվերի շրջանակներում»,- ասաց Մկրտչյանը:
Խնդրի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ:
«Վահան Շիրխանյանի առողջական վիճակի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապ մեջ է ՀՀ արդարադատության նախարարության հետ: Տեղյակ ենք, որ նախատեսված է իրականացնել ևս մի քանի բժշկական հետազոտություն, որոնց ընթացքին և մանրամասներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է ու դրանց կապակցությամբ կտրվի համապատասխան գնահատական»,- հայտնեց նա:
Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Շիրխանյանի առողջական վիճակը քրեակատարողական հիմնարկում ծայրահեղ ծանր է: Փաստաբանը մտահոգությունբ է հայտնել, որ նա կարող է չմասնակցել դատավարությանը: