Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի քրոսֆիթի ֆեդերացիայի ներկայացուցիչներին
SportՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի քրոսֆիթի (crossfit) ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ ֆեդերացիայի նախագահ Վահրամ Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակ ազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարը կարևորել է մեր երկրում այս մարզաձևի զարգացումը՝ հատկապես նրանով մարզվելու մատչելիության առումով: «Սա մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի քարոզչության լավագույն մարզաձևերից մեկը կարող է լինել: Քրոսֆիթով կարող են զբաղվել բոլոր ցանկացողները, և մեր նախարարությունը կաջակցի այս մարզաձևի տարածմանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»,- ասել է նախարար Ռոստոմյանը: Նա նաև առաջարկել է ֆեդերացիայի նախագահին համատեղ կազմակերպել մասսայական մարզական միջոցառում՝ մարզումների այս տեսակը հանրության ավելի մեծ շրջանակների ներ կայացնելու համար: «Այսօր ես այս դահլիճում տեսնում եմ հավաքված առողջ, կոփված, մարզված, ուժեղ մարզիկների: Հենց նման սերունդն է, որ պիտի պահպանի մեր հայրենիքի սահմանները: Դա նշանակում է, որ նման մարզաձևերի տարածումը երիտասարդության շրջանում ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար»,- հավելել է նախարարը:
Ֆեդերացիայի նախագահ Վահրամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և տեղեկացրել, որ այսօր ֆեդերացիան ունի շուրջ 200 մարզիկ Երևանում: Նախատեսվում է, որ շուտով քրոսֆիթով մարզվելու խմբակներ կբացվեն նաև Գյումրիում, իսկ ապագայում նաև՝ Հայաստանի Հանրապետության մյուս խոշոր քաղաքներում: