Նախարար Կարայանը և ԱՄԷ-ի դեսպանը մտքեր են փոխանակել համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ
EconomicsՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Նախարար Կարայանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպման համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները կնպաստեն ՀՀ Նախագահի` ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական կապերը խորացնելու ուղղությամբ:
Սուրեն Կարայանն առաջարկել է մեկնարկել Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված Դուբայում կայանալիք համաժողովի նախապարաստական աշխատանքները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության կողմից բարձր է գնահատվել ՀՀ Նախագահի այցը: Նա ևս կարևորել է Հայաստան-ԱՄԷ տնտեսական կապերի ամրապնդման համատեքստում նախարարության հետ համագործակցությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու և փոխադարձ հետքրքրություն ներկայացնող ծրագրեր նախաձեռնելու վերաբերյալ: