Վարդաձորում պետական աջակցությամբ կառուցվում է մանկապարտեզի նոր շենք
SocietyԳեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի կողմից ներդրած միջոցների հաշվին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք:
Ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Նիկ Դավ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Նիկողոսյանը, շինարարական աշխատանք ների մեկնարկը տրվել է այս տարվա սեպտեմբեր ամսից, եւ անցած մոտ երկուսուկես ամիսների ընթացքում կառուցվել են հիմքերը, կմախքը, առաջին հարկի պատերը, նախապատրաստվում է առաջին հարկի ծածկը:
Շինարարական աշխատանքներն ավարտի հասցնելու համար հատկացվել է 169 միլիոն 304 հազար դրամ:»Շինարարությունն ավարտի հասցնելու համար սահմանված է 420 օր: Մենք, կարծում եմ, կկարողանանք սահմանված ժամկետից ավելի վաղ հանձնել շենքը շահագործման, քանի որ այս պահի դրությամբ արդեն առաջ ենք անցել սահմանված ժամանակացույցից: Առաջին հարկի ծածկը տեղադրելու դեպքում հնարավորութ յուն կունենանք նաեւ ձմռան ամիսներին ներսում աշխատանքները չդադարեցնել»,-հավաստեց Գագիկ Նիկողոսյանը:
Վարդաձորի գյուղապետ Ռոբերտ Սիրականյանը նշեց, որ մանկապարտեզի բացումը կենսական նշանակություն ունի իրենց գյուղի համար, որտեղ տարեկան գրանցվում է մինչեւ 40 ծնունդ:«Մեր համայնքում նույնիսկ խորհրդային տարիներին մանկապարտեզ ունենալը համարվել է շռայլություն:
Հիմա վերջապես եկել է ժամանակը, որ ունենանք նորակառույց, ժամանակակից մանկապարտեզի շենք, որն իր դռները կբացի ավելի քան 80 սաների առջեւ: Մեր դպրոցում, թեև գործում է նախակրթարան, ուր հաճախում են նախադպրոցական տարիքի 38 երեխա, բայց մանկապարտեզի բացումը շատ ավելի պահանջված էր»,-նշեց համայնքի ղեկավարը: