Սարգսյանի թիրախը Սարգսյանն է, թե՞…
AnalysisՄինչ հայոց քաղաքական երկնակամարն ալեկոծվում է սպասվող նախընտրական դաշինքների մասին խոսակցություններով և հնարավոր տոկոսային հարաբերակցությամբ, անցյալից վերադառնում են գործիչներ, որոնց հասարակության մի զգալի մասն արդեն մոռացել էր: Նրանցից մեկն էլ Արամ Սարգսյանն էր, ով վերդառնալով հայտարարեց, թե պատրաստ է ստեղծել արևմտամետերի դաշինք: Այս և այլ հանգամանքների կանդրադառնանք ստորև:
Իր վերջին հարցազրույցում Սարգսյանը տպավորություն թողեց, թե ուղղորդված է Ծառուկյանի դեմ: Բավականին ծավալուն անդրադառնալով Ծառուկյանի վերադարձի թեմային, Սարգսյանն ակամա հակասում է իրեն: Մի դեպքում պնդելով, թե իրենց թիրախը Սերժ Սարգսյանն է, իսկ մյուս դեպքում միայն մեկ տողով անդրադառնալով Սերժ Սարգսյանի խնդրին, Արամ Սարգսյանը հիմնական թիրախ է դարձնում Ծառուկյանի վերադարձը: Հասկանալի է, որ ոչ իշխանական (ի նկատի չունենք ընդդիմադիր, ոչ իշխանականը և ընդդիմադիրը տարբեր եզրույթներ են) դաշտում գործող ցանկացած գործիչ, ով հավակնում է որոշակի տոկոսների, կարող է վախենալ Ծառուկյանի վերադարձից: Հատկապես սա այն ֆոնին, երբ նշմարվում է «Հանրապետություն», «Ժառանգություն» և ՔՊ եռյակ: Անգամ եթե այս խմբին գումարենք «Լուսավոր Հայաստանին», ապա տոկոսային առումով էական փոփոխություններ չենք ունենա: Ինչու՞ Ժառնագությունում 5 մարդ ունի յոթ կարծիք և սա ակնհայտ է այդ կուսակցության վերջին շրջանի գործելաոճից, ՔՊ-ի պարագայում կան ազնիվ գաղափարական անհատներ, բայց նրանք քիչ են: Լուսավոր Հայաստանը դեռ պետք է ապացուցի, թե իշխանական պրոյեկտ է՞, թե ոչ:
Ինչ մնում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա այս կուսակցության հնարավորությունների և ռեսուրսների մասին պատկերացում կարելի է կազմել սեփական գյուղում կրած պարտություններից: Անշուշտ, եթե հաշվի առնենք Ծառուկյանի ունեցած ռեսուրսները և քաղաքական կապիտալը, ապա կտեսնենք, որ նա էական գործոն է քաղաքական դաշտում: Հատկապես այն քաղաքական դաշտում, որտեղ չկա միջանկյալ իրական վիճակ: Ասել կուզե, մի կողմից հեղինակազրկված իշխանությունն է, իսկ մյուս կողմից, լրջագույն հարվածներից ու հատկապես արտագաղթի արդյունքում տուժած արմատական ընդդիմությունը:
Ու այստեղ, ռացիոնալ քաղաքական դաշտում խուսանավող ուժերը, որոնք իրենց լուսավոր երազներում կարող են ունենալ հինգ տոկոսի ակնկալիք, պետք է նախ և առաջ պայքարեն հենց այդ գործոնի դեմ: Սակայն կարող է գործել հակադարձ էֆեկտը, երբ փորձելով սևացնել Ծառուկյանին, նրանք հայտնվեն լուսանցքում: Իսկ դա շատ ավելի ռեալ է, քանի որ պարոն Սարգսյանն արդեն իսկ թույլ է տվել մի քանի քաղաքական վրիպումներ: Նախ, չհաջողված վարչապետությունը, այնուհետ, ոչ հստակ քաղաքական ծրագրեր և որպես այս ամենի թագ ու պսակ, արևմտյան կողմնորոշում: Էական քաղաքականության և լուրջ դաշտերում, նման, ինչ-որ բանամետերի հայտարարություններ չեն անում: Մեկը հյուսիսամետ է, երկրորդը` արևմտամետ, երրորդը` ցենտրիստ, անհասականալի է մնում, թե այդ դեպքում ո՞վ է պետականամետ, ու՞մ շահերի համար են պայքարում այդ ուժերը: ՀՀ քաղաքացու՞, թե ինչ որ կենտրոնի:
Այս դաշտում ևս, միջին վիճակագրական հայաստանցու համար, որ կարևորում է մի քանի էական գործոններ` քաղաքական քաշ, ռեսուրսներ, ինչու ոչ, նաև ֆինանս, ապա Ծառուկյանի պարագան բավականին հստակ է ի հակադրություն Սարգսյանի և նրա կազմած դաշինքի շուրջ պոտենցիալ հավաքվողների կերպարների: Պատկերացրեք մի վիճակ, երբ ենթադրենք Գերմանիայի Կանաչների կուսակցությունը, թողած իր երկրի խնդիրներն ու պետական հարցերը, հայտարարի որ իրենց ուժը ամերիկամետ է, կամ ռուսամետ:
Համոզված եղեք, որ այդ դեպքում նրանք չեն հաղթահարի 0.1 տոկոսի շեմը: Ամեն դեպքում, քաղաքականապես կոռեկտ չէ, երբ հայտարարում ես, թե քո թիրախը Սերժ Սարգսյանն է, բայց ավելի ծավալուն հատված ես նվիրում գոնե պաշտոնապես քաղաքականության մեջ չգտնվող անձի դեմ:
Վահրամ Թոքմաջյան
Past.am վերլուծաբան