Եվգենի Պլյուշչենկոն՝ Երեւանում կայանալիք սառցե շոուի եւ հայերի հյուրընկալության մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Վաղը՝ նոյեմբերի 27-ին, հայ հանդիսատեսին բացառիկ սառցե շոու է սպասվում գեղասահքի լեգենդ Եվգենի Պլյուշչենկոյի, հայտնի երգիչների եւ դիզայներների մասնակցությամբ: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Kings on Ice Present-Fashion on Ice սառցե շոուի կազմակերպիչներն ու գլխավոր աստղերը՝ Եվգենի Պլյուշչենկոն, Էդգար Հակոբյանն ու Ադելինա Սոտնիկովան բացահայտեցին շոուի որոշ մանրամասներ.
«Կարող եմ վստահեցնել, որ սա, միանշանակ, նոր շոու է լինելու՝ նոր համարներով եւ բեմականացումներով: Երեւանից հետո այս նախագիծը ներկայացնելու ենք նաեւ Եվրոպայում: Մի քանի շտկումներ են մնացել շոուի համար, իսկ ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել, որ մենք արդեն պատրաստ ենք եւ վաղը սիրով ձեզ ողջունելու ենք մեր համերգային ծրագրի շրջանակներում, որը բաղկացած է լինելու ոչ միայն գեղասահքի համարներից, այլեւ երաժշտական եւ նորաձեւության շոուից»,-նշեց Եվգենի Պլյուշչենկոն՝ հավելելով, որ հայ հանդիսատեսին մի շարք անակնկալներ են սպասվում:

Անակնկալներից մեկը բացահայտեց ջութակահար Էդգար Հակոբյանը՝ նշելով, որ շոուի ընթացքում կհնչի նաեւ «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքը.
«Միայն այդքանը կարող եմ ասել, մնացածը ինքներդ վաղը կտեսնեք»,-ասաց նա:
Ի տարբերություն Պլյուշչենկոյի, որը Հայաստանում է արդեն երրորդ անգամ՝ Ադելինա Սոտնիկովայի համար սա առաջին այցն է մեր երկիր:
«Երեկ գիշեր եմ ժամանել այստեղ եւ դեռ ոչինչ չեմ հասցնել տեսնել, բայց հուսով եմ՝ ժամանակ կունենամ բացահայտելու ձեր երկրի գեղեցիկ վայրերը»,-նշեց գեղասահորդուհին:

Իր հերթին Եվգենի Պլյուշչենկոն հույս հայտնեց, որ այս տարի ավելի շատ բան կհասցնի տեսնել Հայաստանում.
«Շատ եմ հավանում ձեր երկիրը: Ինձ ամենից շատ դուր են գալիս այստեղի մարդիկ: Նրանք շատ հյուրընկալ եւ բարեհամբույր են»,-նշեց գեղասահքի լեգենդը:
Շոու-ծրագրի գլխավոր պրոդյուսեր Արի Զաքարյանն էլ վստահեցրեց, որ իրենք կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի շոուն կրի ամենամյա բնույթ.

«Ես հուսով եմ՝ այս շոուն կդառնա գեղեցիկ ավանդույթ եւ ամեն տարի նոր անակնկալներով այն կներկայացնենք Հայաստանում: Վստահեցնում եմ՝ այս տարի եւս անակնկալները շատ են լինելու»:
Տեղեկացնենք, որ Kings On Ice Present-Fashion On Ice սառցե շոուին բացի Պլյուշչենկոյից, Էդգար Հակոբյանից եւ Ադելինա Մոտնիկովայից՝ կմասնակցեն նաեւ Ֆլորան Ամոդիոն, Նիկիտա Միխաիլովը, Մարիամ Մերաբովան, Իվետա Մուկուչյանը, Ալյոնա Վասիլեւան, Քսենոնան, Սոնան եւ այլք:
Սյունե Առաքելյան