Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի կապակցությամբ Լիբանանում կազմակերպվել է պաշտոնական ընթրիք
SocietyՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի, ինչպես նաեւ Ազգային Միացյալ վարժարանի բացման կապակցությամբ Լիբանանում կազմակերպվել էր պաշտոնական ընթրիք ազգային, կրոնական, քաղաքական ոլորտի ներկայացուցիչների, բարերարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով Լիբանանի «Ազդակ» օրաթերթը:
Ճաշկերույթը մեկնարկել է Լիբանանի եւ Հայաստանի քայլերգերի ունկնդրությամբ, որից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել Ազգային Միացյալ վարժարանի տնօրեն Թալին Հավաթեան-Մարտիրոսեանը` անդրադառնալով հայ համայնքի կազմավորման ընթացքին, հայկական դպրոցների կառուցմանը, Լիբանանի տնտեսական դժվար վիճակի պարագայում գործող վարժարանին: Նա ընդգծել է, որ վարժարանը շարունակելու է գործել շնորհիվ հայկական վարժարանի նկատմամբ հավատ ունեցող բարերարների:
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հաստատել է, որ Լիբանանի հայ համայնքը լիովին կենսունակ է, շարունակում է իր ազգային եւ կրթական գործունեության զարգացումը:
Նա կարեւորել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գործունեության երկու կարեւոր կողմերը` նրա ներդրումը միջազգային մակարդակով աստվածաբանական երկխոսության մեջ, մասնակցությունն ու հեղինակությունը Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի կազմում եւ նրա գահակալության 20-ամյակը, որը համընկնում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 25-ամյա անկախությանը:
Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր խոսքում շեշտը դրել է նվիրելու կարեւորության վրա` վերհիշելով այն, որ երբ Ցեղասպանությունից փախած հայությունը հասավ Լիբանան, ծանր պայմաններում հավաքած գումարներով կառուցեց եկեղեցի, դպրոց եւ ակումբ: