7000 սպարտացիները
AnalysisՀանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները մեծագույն ոգևորությամբ այսօր հայտարարություններ տարածեցին, թե Կարեն Կարապետյանի՝ կուսակցության շարքերն ընդունվելու դիմումից հետո, շուրջ 7000 հոգի ցանկություն է հայտնել անդամակցել ՀՀԿ-ին։ Այս հայտարարություններից հետո հայկական ֆեյսբուքը, վերջին շրջանում իրեն բնորոշ սարկազմով, անխնա ծաղրուծանակի սկսեց ենթարկել իշխանության կուսակցության այս «ձեռքբերումը» ընդ որում բավական սրամիտ ձևով։ Եղան իհարկե նաև կոպիտ քննադատություններ որոնք ուղղված էին ոչ ավել ոչ պակաս հենց այդ 7000 հոգու դեմ։
Իրականում սակայն խնդիրն այստեղ այն չէ թե քանի հոգի են անդամակցում հանրապետականին և առավել ևս ինչ միջոցներով։ Անշուշտ այս 7000-ի մի մասի, ընդ որում շատ փոքր մասի մոտ որոշակի վարչական լծակների հարկադրանքով է ՀՀԿ անդամ դառնալու «ցանկություն» ի հայտ գալիս, սակայն մեծ մասամբ այդ 7000 հոգու գերակշիռ մասը ուղղակի անտարբեր է, թե ինչ կուսակցության անդամ կլինի, չի բացառվում, որ նրանցից շատերի անունները կան երեք չորս կամ ավելի կուսակցությունների ցուցակում։ Այս մարդիկ ի դեպ, բոլորվին էլ արժանի չեն այն պարսավանքներին, որոնց արժանանում են, քանի որ նրանք ուղղակի անտարբեր։ Հենց այս անտարբերությունը մեր հասարակության ամենամեծ հիվանդություններից մեկն է, ու քանի դեռ հասարակությունը անտարբեր է, ապա անիմաստ է խոսել քաղաքացիական գիտակցության, քաղաքական մշակույթի և նմանօրինակ գեղեցիկ բաների մասին։
Ի դեպ ամենայն հավանականությամբ, այս 7000-ի գերակշիռ մասը չի ենթարկվել որևէ ճնշման կամ սպառնալիքի պարզապես իրենց աշխատավայրի ղեկավարությունը «ընկերաբար» առաջարկել է դիմում գրել, իրենք էլ մեծ սիրով համաձայնել են, սա իհարկե, վարչական ռեսուրսի կիրառման դասական ձևերից է, սակայն մեծ դժվարությամբ այն կարող ենք ճնշում համարել, քանի որ վերջիններս, իրենց ոչ թե ճնշված են զգում կամ իրենց իրավունքների ոտնահարում տեսնում, այլ ընդհակառակը հարցին մոտենում այն տեսանկյունից, որ իրենք «լավություն են անում» ղեկավարին։ Այս իրավիճակը բավական խորը և ընդարձակ վերլուծության կարիք ունի, սակայն դրա փոխարեն որպես կանոն ամեն ինչ սահմանափակվում է ֆեյսբուքյան տարածքում «խինդ ուրախություն» կազմակերպելով և շատ արագ մոռացվում։
Աղասի Մարգարյան
PressMedia.am վերլուծաբան