ՀՀ ԱԳ նախարարը չեխ գործընկերների հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի զարգացման ուղիները
EconomicsՉեխիայի կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 24-25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի Հանրապետության Արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի, ԱԳ նախարարի տեղակալ Մարտին Տլապայի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։
Ինչպես տեղեկացրին ԱԳՆ լրատվական ծառայությունից, նախարար Մլադեկի և փոխնախարար Տլապայի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական դիվանագիտությանը և հայ-չեխական առևտրատնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։ Չեխիայի՝ նկատելի հաջողություններ արձանագրած տնտեսական դիվանագիտության գործող հայեցակարգի հեղինակ Մարտին Տլապայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանցի գործընկերների համար փորձի փոխանցման դասընթաց կազմակերպելու վերաբերյալ։
Ռոբերտ Հարությունյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններն ու բարենպաստ պայմանները` ընդգծելով, որ հայկական արտադրանքն արտոնյալ մուտքի հնարավորություն ունի ԵՄ երկրներ: Վերջիններիս կողմից տրամադրվող արտոնյալ GSP+ առևտրային ռեժիմի շնորհիվ Հայաստանը հնարավորություն ունի զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքերով ապրանքներն արտահանել ԵՄ շուկա:
Փոխնախարար Հարությունյանը հանդիպումներ է ունեցել նաև Չեխական արտահանման բանկի (ČEB) տնօրենների խորհրդի նախագահ Կարել Բուրեշի և Չեխիայի Արտահանման երաշխավորման և ապահովագրման կորպորացիայի (EGAP) գլխավոր տնօրեն Յան Պրոխազկայի հետ։ Նրանց հետ քննարկվել է Հայաստանի տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ֆինանսավորման կամ շահավետ գործարքների վարկավորման գործիքակազմը և մեխանիզմները։
Չեխիայի ԱԳՆ Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի վարչության պետ Ռադեկ Պեխի հետ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներն ու հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերությունները։
Փոխնախարար Հարությունյանն այցելել է նաև Պրահայի արվարձանում տեղակայված և չեխաբնակ Կարեն Սարգսյանին պատկանող Foodish s.r.o. ընկերությունը (ARAX ապրանքանիշ), քննարկել ՀՀ սննդարդյունաբերության ձեռնարկությունների հետ գործակցության հեռանկարները։
Փոխնախարարի հանդիպումներին մասնակցել է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։