Պահեր կային, որ համաձայն չէի որոշ մտքերի հետ, հուզվում էի. Լայանան՝ «Ամենակարող երգիչ» նախագծից դուրս մնալու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Ամենակարող երգիչ» նախագծի եզրափակչում երգչուհի Լայանան այլեւս չի մրցի, քանի որ sms քվեարկության արդյունքում երգչուհին դուրս մնաց եզրափակչից:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգրուհին ամփոփել է նախագծում մի քանի ամիսների աշխատանքը:
«Այս նախագիծն ամեն առումով շատ բան տվեց ինձ: Սկսեմ նրանից, որ շատ ընկերներ ձեռք բերեցի, որի համար անչափ ուրախ եմ: Նաեւ հանդես գալով տարբեր ժանրերում` վերջապես հաստատակամ հասկացա, թե ինձ մոտ ինչն է ավելի լավ ստացվում, ինչը` ոչ, որը եւս շատ կարեւոր է: Ինչու ոչ, հանդիսատեսն ինձ տեսավ մի շարք ժանրերում, նրանք ինձ ճանաչեցին տարբեր կողմերով»,- նշեց Լայանան:
Խոսելով եզրափակիչ չանցնելու մասին` երգչուհին նկատեց.
«Սա մրցույթ է, ու sms քվեարկությունն այնպիսինն է, որ միշտ անկանխատեսելի է: Ինչեւէ, ես ուզում եմ հաջողություն մաղթել նախագծում մնացած մասնակիցներին»:
Անդրադառնալով տարաբնույթ խոսակցություններին, որոնց համաձայն շատերը զարմացած էին, որ Լայանան արդեն հայտնի երգչուհի լինելով հանդերձ մասնակցեց մրցույթի, պատասխանեց.
«Այո, ես արդեն իսկ հայտնի էի, բայց մասնակցեցի նախագծին: Այս մրցույթում էական չէր հայտնի կամ անհայտ լինելը, սա ավելի շատ բազմակողմանի ներկայանալու մրցույթ էր: Իրականում շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին, քանի որ այս նախագիծը մեծ հնարավորություն տվեց հանդիսատեսին` իրենց սիրելի արտիստի հետ ավելի մտերմիկ ծանոթանալու: Հուսով եմ` «Ամենակարող երգիչը» շարունակություն կունենա եւ ապագայում էլ ավելի շատ երգիչների կտեսնենք»:
Խոսելով վերջին ամիսներին «Ամենակարող երգիչ» նախագծի շրջանակում ժյուրիի անդամենրից մի քանիսի հետ ինտրիգային իրավիճակներում հայտնվելու մասին` Լայանան ընդգծեց.
«Իրականում ինտրիգային իրավիճակներ չէին, բոլորս էլ իրար հանդեպ շատ դրական ենք տրամադրված, ընկերներ ենք: Գուցե ներքուստ կային որոշ բաներ, բայց բացահայտ շատ ջերմ ու առողջ մթնոլորտ էր: Իսկապես պահեր կային, որ համաձայն չէի որոշ մտքերի հետ, հուզվում էի, բայց հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ինձ համար հետաքրքիր էր այս ճանապարհը»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան