Նոր օրենքի նախագծով ընդլայնվում են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները
SocietyԱզգային ժողովը քննարկում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով: «Մասնավորապես, Սահմանադրության 216 հոդվածը սահմանում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նիստի օրը: Նախագծում առաջին հերթին ամրագրվել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնմանն ուղղված նոր սահմանադրական պահանջները: Սահմանադրության 191-րդ հոդվածը պաշտպանին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, այլ նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը: Նախագծով սահմանվել են այն դեպքերը, երբ պաշտպանը կարող է քննարկել կազմակերպությունների դեմ բերված բողոքը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Նա մանրամասնեց, որ սահմանվել է, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է քննարկել հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին: «Սահմանադրական փոփոխություններից բխող մյուս անհրաժեշտ կարգավորումը կապված է մարդու իրավունքներին առնչվող նորմատիվ ակտերի կատարման գործում պաշտպանի մասնակցության հետ: Նախագծով նախատեսվում է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների և իրավական ակտերի նախագծերը մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ուղարկելու պահանջը»,- ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը:
Նախագծով սահմանվել է պաշտպանի ևս մեկ կարևոր գործառույթ: Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ պաշտպանին վերապահվել է «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մոնիթորինգի և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման իրավասությունը: Նախագծով նաև մանրամասն կարգավորումների է ենթարկվել պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության կարգը, ամրագրվել է պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը: Նախագծով կարևոր երաշխիքներ են սահմանվել պաշտպանի արդյունավետ գործունեությունն ապահովելու համաÖ €: Նման կարևոր գործառույթ է պատասխանատվությունը մարդու իրավունքների պաշտպանի գործունությունը խոչընդոտելու համար: Փոխնախարարը հստակեցրեց, որ գործող քրեական օրենսգրքով մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում միայն պաշտոնատար անձանց համար, սակայն նախագծով ընդլայնվել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար: Մասնավորապես, պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն նաև ոչ պաշտոնատար անձինք: