Քաղաքացիական ծառայության խորհուրդը խորացնում է համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ
SocietyՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հետ՝ քննարկելու քաղաքացիական ծառայության համակարգում երկու կառույցների հետագա համագործակցության հեռանկարները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից, դեսպան Ավակովը ծանոթացել է հայաստանյան պետա կան կառավարման համակարգի նկարագրին, այդ համակարգում քաղաքացիական ծառայության շրջանակին, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործառույթներին, տեղեկացել քաղաքացիական ծառայության կայության, պրոֆեսիոնալիզմի ապահովման կառուցակարգերի մասին:
Քննարկվել են տարիներ շարունակ ՀՀ ՔԾԽ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությանը, համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
ՀՀ ՔԾԽ նախագահը դեսպանին ներկայացրել է ԵՄ-ի հետ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում սկսված Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումների նպատակները, ՀՀ կառավարության և ՀՀ ՔԾԽ-ի կողմից որդեգրվող՝ համակարգի զարգացման հայեցակարգային մոտեցումները:
Կարևորվել են հատկապես Հայաստանի քաղաքացիական ծառայության մեկնարկած բարեփոխումների հենքին քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումների, ինչպես նաև վերապատրաստման կարիքների բացահայտման գործող մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը, այդ գործընթացներին փորձագիտական և մեթոդական հնարավոր օժանդակության եղանակները:
Դեսպան Ավակովը և ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը պայմանավորվել են շարունակել հանդիպումները՝ բարեփոխումներին միտված համագործակցության կոնկրետ ծրագրեր նախանշելու և իրականացնելու նպատակով: