Ստեփան Ռոստոմյանի հոբելյանական երեկոյին հնչելու են նրա լավագույն ստեղծագործությունները
CultureԿոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Կոմպոզիտորի ստեղծագործությունների վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել բազմաթիվ հայտնի ստեղծագործողներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Ստեփան Ռոստոմյանի աներևակայելի Սիմֆոնիա թիվ 3-ը սկսվում է խորունկ մտասուզմամբ և զարգանալով հասնում գործիքային և էլեկտրոնային երկնային երգչախմբի, որի նմանը դուք չեք լսել։ Տեսե՞լ եք էքստազ երաժշտության մեջ։ Այն ավերեց դահլիճը։ Անկասկած, «Նոր մեկնարկներ» փառատոնի բարձրագույն գագաթնակետն էր:
Հայ եկեղեցական երաժշտության մթնոլորտային հնչյունները՝ միաձուլված էլեկտրոնային լարայինների, դաշնամուրի տեմբրերի ու ակուստիկ գործիքների հետ, դանդաղ ու հանդիսավոր շարժմամբ հասան այրող գագաթնակետին։ Այս երկու ստեղծագործությունները գնահատվում են որպես ամենալավագույնն ու առավել անկեղծ գործերը, որ մինչ այժմ հնչել են այստեղ։
«Սքոթսման», Ջանեթ Բիթ
Ստեփան Ռոստոմյանի երաժշտությունն արտացոլում է եվրոպական և արևելյան ավանդույթների համադրությունը։ Նրա երաժշտության մեջ կարելի է լսել հին հայկական մոնոդիայի ազդեցությունները, այն շատ գունեղ է և հոգևոր։ Նրա սիմֆոնիան և որոշ մանրանկարներ, օրինակ՝ «Հրեշտակներ» օրհներգերը, մեծ ժողովրդականություն են վայելում Արևմուտքում։
Մարկ Ռայս
«Լեոնարդո» հանդեսի հատուկ թողարկում, ԱՄՆ
Հատոր 24:2, 1991թ.
«Տաղ հրեշտակայինը» մենք լսեցինք մի քանի անգամ, այնքան շատ էինք տարվել նրա լարվածությամբ և ուժգին ուղերձով։ Սա իրապես հրաշալի և ուժեղ երաժշտություն է։
Ժան-Պիեռ Մատես
«BIM Editions»-ի (Շվեյցարիա) նախագահ
Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 4-ը հոյակապ է… մեծարժեք մի երկ է և ներառում է ամենագեղեցիկ ազդակներից մեկը, որը ես երբևէ լսել եմ հետերոֆոնիկ հնչյունային ձայնային հյուսվածքներից։
Իմ ողջ մասնագիտական կյանքի ընթացքում ես պատվիրել և ղեկավարել եմ բազմաթիվ պրեմիերաներ, դրանց մեջ կան միջազգային այնպիսի ականավոր կոմպոզիտորների երկեր, ինչպիսիք են Ջոն Ադամսը, Լուչանո Բերիոն, Բրայան Ֆըրնիհոուն, Վիտոլդ Լուտոսլավսկին և Յաննիս Քսենակիսը, և ես կարող եմ ողջ անկեղծությամբ փաստել, որ ոչ ոք այնպիսի անմիջական և հզոր ազդեցությունը չի ունեցել իր լսարանի և քննադատների վրա, որքան Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 3-ը։ Այդ առաջին կատարման ուժգին հույզը, գեղեցկությունը և անկեղծ ճոխությունը բոլոր ներկաների սրտերում այսօր մնում են նո ւյնքան ուժեղ, որքան որ եղել են այդ հրաշալի միջոցառման ժամանակ, ավելի քան քառորդ դար առաջ։
Ռոստոմյանի երաժշտությունը միջազգային ասպարեզում շարունակական և համատարած հաջողություններ է արձանագրում, և նա իսկապես հարստացրել է շատ մարդկանց կյանքը ամբողջ աշխարհում:
Դևիդ Դևիս
«Փարագոն» համույթի հիմնադիր, դիրիժոր, Շոտլանդիա
Անդրադառնալով կայանալիք համերգին` նշենք, որ մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը: Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր` Դևիդ Դեվիսը:
Ծրագրի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: Համերգին կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները: