Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը կավարտվի տեղական բյուջեի կամ հանգանակությունների հաշվին
SocietyԳեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը, որը սկսվել էր 2012 թվականին եւ ընդհատվել 2014 թվականին, կավարտվի տեղական բյուջեի միջոցների կամ համայնքի բնակչության հանգանակությունների հաշվին:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը համարվող Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը սկսվել էր 2012 թվականին «Հարավկովկասյան երկաթուղիներ» եւ «Աֆինա Պալլադա» ընկերությունների կողմից տրամադրված միջոցների հաշվին:
«9-րդ դարում սյունյաց Սահակ իշխանի հովանավորությամբ կառուցված եւ 17-րդ դարի երկրաշարժի հետեւանքով խոնարհված եկեղեցու վերականգնման աշխատանքներն ավարտին հասցնելու համար մնացել էին գմբեթի ծածկը եւ ներսի ու դրսի հարդարման աշխատանքները: Սակայն մեր հովանավորները ինչ-ինչ պատճառներով դադարեցրին ֆինանսավորումը, եւ աշխատանքներն անավարտ մնացին 2015-2016 թվականների ընթացքում: Այս տարվա հոկտեմբերին մեր միջոցներով փորձեցինք շարունակել եկեղեցու վերականգնումը: Մոտ մեկ ամիս դրանք հաջող ընթացք ունեցան, որոնք այժմ դադարել են եղանակային աննպաստ պայմանների պատճառով: 2017 թվականի գարնանից եկեղեցու վերականգնումը կշարունակվի կամ տեղական բյուջեի, կամ համայնքի բնակիչների կողմից տրամադրվող հանգանակությունների հաշվին»,-ներկայացրեց Մուրադ Հարությունյանը: Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման համար նախահաշվով նախատեսված էր մոտ 600 միլիոն դրամ: Աշխատանքների մեծ մասը կատարված է հովանավորների ներդրումների հաշվին: Վերականգնումն ամբողջությամբ ավարտելու համար շինարարությունը կծավալվի 2017 թվականի գարնանից:
«Գմբեթի կառուցումից, ներքին հարդարման ու տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո Սուրբ Աստվածածինը կվերականգնվի իր ողջ շքեղությամբ»,-նշեց Մուրադ Հարությունյանը:
Խոսրով Խլղաթյան