Գեղարքունիքի բռնցքամարտի առաջնությունն ի հայտ բերեց մարզի հավաքական թիմի կազմը
SportԿարմիրգյուղի մշակույթի տանն անցկացվեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի առաջնություն, որը նվիրվեց տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի կազմակերպիչը՝ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Մարատ Կարոյանը, առաջնությանը մասնակցեցին Գավառի, Մարտունու, Սեւանի, Լճաշենի, Լճափի, Նորատուսի եւ Կարմիրգյուղի՝ 5 տարիքային խմբերում ներգրավված շուրջ 150 բռնցքամարտիկներ: «Նման հանդիպումները մարզի բռնցքամարտիկներին հնարավորություն են տալիս լավագույնս ներկայանալ հանրապետական եւ միջազգային մրցաշարերին: Միաժամանակ այն մեզ համար հերթական ստուգատեսն էր՝ ընտրելու մարզի բռնցքամարտի հավաքականի նոր կազմը, հայտնաբերելու շնորհալի նոր պատանի մարզիկներին»,- ասաց Մարատ Կարոյանը: Բռնցքամարտի մարզային առաջնության կազմակերպմանն աջակցել էին Գեղարքունիքի մարզպետարանը, բռնցքամարտի մարզային ֆեդերացիան, Գեղարքունիքի մարզային մարզադպրոցը եւ Կարմիրգյուղի գյուղապետարանը: Առաջնությանը մասնակցած բոլոր մարզիկներն ու մարզիչները կազմակերպիչների կողմից պարգևատրվեցին հուշամեդալներով, հուշանվերներով եւ պատվոգրերով:
Խոսրով Խլղաթյան