Հայ մարզիկը բիլիարդի աշխարհի առաջնությունում առավելության է հասել ադրբեջանցու նկատմամբ
SportՌուսաստանի Կազան քաղաքում նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Ազատ բուրգ» խաղաձևի աշխարհի բիլիարդի առաջնությունը:
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքական անդամներ Ավետիս Ավետիսյանը, Ռազմիկ Վարդանյանը և Կորյուն Հովհաննիսյանը:
Առաջնության առաջին փուլում Հայաստանի բիլիարդի բազմակի չեմպիոն Ավետիս Ավետիսյանը 7-1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆայիգ Վելիևի նկատմամբ:
Կորյուն Հովհաննիսյանի և գերմանացի Կոնստանտին Կովալևսկու մրցամարտը ևս ավարտվել է 7-1 հաշվով` հօգուտ հայ մարզիկի:
Հայաստանի երրորդ ներկայացուցիչ, Հայաստանի 2016թ-ի բիլիարդի չեմպիոն Ռազմիկ Վարդանյանն էլ առաջնությանն իր մասնակցությունը կսկսի երկրորդ փուլից:
Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոմիտեի (Բիլիարդի Միջազգային Ֆեդերացիա) հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի կողմից կկազմակերպվի «Ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկները: Առաջնության պարգևավճարի նվազագույն չափն է 1 միլիոն դրամ: