Սուր շնչառական հիվանդությունների դեպքում հակաբիոտիկներ տալը ճիշտ չէ. մասնագետ
SocietyՍուր շնչառական հիվանդությունների դեպքում հակաբիոտիկներ տալը ճիշտ չէ:
Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
«Հենց սկզբից պետք չէ դեղորայք տալ: Մեր շատ ծնողներ, վախով պայմանավորված, երեխաներին հակաբիոտիկներ են տալիս, ինչը ճիշտ չէ: Հակաբիոտիկները կճնշեն մարդու իմունային համակարգը, ավելին, դրանք չեն ազդում վիրուսի վրա:
Դրա համար անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, շատ հեղուկ օգտագործել, հիվանդի համար առանձին սենյակ հատկացնել և այն հաճախակի օդափոխել: Խորհուրդ է տրվում մոմ վառել, գազօջախի վրա եփել քացախ կամ եռացնել վարդի ջուր, որ օդում միկրոբները պակասեն»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը:
Սուր շնչառական հիվանդությունների առաջին ախտանիշները. անզուսպ փսխումներ, այսինքն` ցանկացած սնունդ, ջուր դուրս է մղվում, հիվանդը հրաժարվում է սնունդ և հեղուկ ընդունելուց, ցնցումներ են ի հայտ գալիս:
«Ինչ վերաբերում է հիվանդի խնամքին, ապա պետք է շատ հեղուկ օգտագործել: Դա կարող է լինել սովորական ջուր, հանքային ջուր` գազը հեռացված, մրգաչրերից պատրաստված եփուկներ` կոմպոտներ: Սննդի հետ կապված, այն պետք է լինի դյուրամարս և փոքր չափաբաժիններով: Կրծքով սնվող երեխաների դեպքում թիվ մեկ բուժումը հաճախակի կրծքով կերակրելն է»,-հավելեց Սոնյա Առուշանյանը:
Անդրադառնալով ջերմիջեցնող հաբերին՝ մասնագետները նշեցին, որ դրանք պետք է տրվեն 38,5 և ավելի ջերմության դեպքում: Մինչ այդ պետք է թողնել, որ օրգանիզմը պայքարի: Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում ջերմությունն իջեցնել այն պրոցեդուրաների միջոցով, որոնք կհանգեցնեն քրտնարտադրության: Դա կօգնի մարդու օրգանիզմից թույները դուրս բերել:
Ի դեպ, խորհուրդ չի տրվում բարձր ջերմության դեպքում երեխաներին օղիով, քացախով մերսել: Երեխաների մաշկը նուրբ է, զգայուն, նման ձևով հնարավոր է մաշկը վնասել: Երեխային կարելի է շփել միայն գոլ ջրով: