Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ղազախական գրականության կենտրոն. ստորագրվեց փոխգործակցության հուշագիր
CultureՀայաստանի ազգային գրադարանում այսուհետ գործելու է ղազախական գրականության կենտրոն, որը համալրված է Ղազախստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող գրականությամբ: Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանը և Հայաստանի ազգային գրադարանը կնքեցին փոխհամագործակցության հուշագիր:
Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Ուրազաև Թիմուր Բիբիթալիևիչը:
«Շատ ուրախ եմ այս իրադարձության կապակցությամբ: Սա եւս մի նոր փուլ է բացում հայ-ղազախական հարաբերությունների պատմության մեջ: Ես մի պահ եղա ընթերցասրահում, եւ ինձ համար շատ հաճելի էր խորասուզվել ակադեմիական այդ լռության մեջ:
Հուսով եմ, որ երկու երկրներն էլ կշարունակեն համագործակցել այս ոլորտում: Գիրքը լավագույն նվերն է, ես էլ եմ ինձ հետ բերել տարբեր գրքեր՝ ի հավելումն արդեն այստեղ ներկայացված գրքերի»,- ասաց դեսպանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում հայ գրականության կենտրոն բացվելու է նաեւ Ղազախստանում: «Սա լուրջ հնարավորություն է` նոր սկզիբ դնելու մեր ժողովուրդների հարաբերություններում: Սա նշանակալի իրադարձութուն է, որն ապացույցն է նրա, թե ինչ մոտեցում են երկու բարեկամանական պետությունները ցուցաբերում իրենց մշակութային ժառանգությանը, որի դրսեւորումներից մեկը հենց գրականությունն է: Նման կենտրոնների ստեղծումը ոչ միայն արդիական է, այլեւ անհրաժեշտ, այն թույլ է տալիս ծանոթանալու դասական, ժամանակակից գրականությանը եւ հիմք է հանդիսանում հետագա համագործակցության համար»,-ընդգծեց փոխնախարարը:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երկար ժամանակ է, ինչ մտադրություն են ունեցել կենտրոն ստեղծելու:
«Քանի որ գրական կապերը, դժբախտաբար, ընդհատվել էին եւ չէինք կարողանում վերականգնել, իսկ մենք շատ լավ գրական հավաքածուներ ունեինք խորհրդային ժամանակներից, նման գաղափար ծագեց:
Սա շարունակական գործընթաց է, այսինքն՝ ամեն տարի համալրվելու է: Սա հատկապես շատ լավ հնարավորություն է ուսանողների համար, քանի որ Երևանի պետական համալսարանում գործում է ղազախական լեզվի եւ մշակույթի կենտրոն:
Ցանկալի է նմանատիպ կենտրոններ ստեղծել մյուս երկրների հետ, ունենք չինական կենտրոն, հուսանք՝ շուտով կլինի նաեւ ճապոնականը»,-եզրափակեց նա: