Քանաքեռում 24-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է
ՀՀ քաղաքացի Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել էր Լևոն Բունիաթյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայի մեջ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը (ողևոր) կրակել է իր հետ նույն տաքսի ավտոմեքենայի սրահում գտնվող Լևոն Բունիաթյանի գլխի շրջանի ձախ քունքային մասին՝ նրան ապօրինաբար զրկելով կյանքից:
Այնուհետև նույն տաքսի ավտոմեքենայով Լ.Բունիաթյանի դին տեղափոխել է Ծարավ Աղբյուրի փողոցի հարևանությամբ տեղակայված զորամասին հարող տարածք և թողել գնացքի գծերի մոտ, որտեղ ևս մեկ ստուգողական կրակոց է արձակել Լ.Բունիաթյանի ծոծրակային հատվածին և նստելով նույն տաքսի ավտոմեքենան' հեռացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա' առերևույթ հանցագործություն կատարած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: