Արման Ջիլավյանը հուսով է, որ «Ավրորան» կդառնա «հայկական Նոբել»
Society«Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին, իսկ հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը, ով ներկայացրեց նախաձեռնության ընդհանուր կառուցվածքը:
«Նախաձեռնության անդրանիկ ծրագիրը 100 LIVES նախագիծն է, որով փորձեցինք Հայոց ցեղասպանությանն ու ցեղասպանության պատմությանը նայել փրկվածների ու փրկողների տեսակետից: Իմաստն այն էր, որ գտնեինք և աշխարհի վեց լեզուներով ներկայացնեինք այն պատմությունները, թե 101 տարի առաջ ով և ինչպես փրկեց հայերին և այդ փրկված հայերն ինչ տվեցին Հայաստանին, սփյուռքին ու աշխարհին: Մոտ 500 պատմություն ենք գտել ու ներկայացրել աշխարհին, առաջին մասն ավարտված է, սակայն չեն բացառվում, որ կլինեն նոր պատմություններ:
Հաջորդը Aurora Dialogues քննարկումներն են, որոնք տրվում են հայ ժողովրդի անունից՝ ուսանողներին, երիտասարդներին Միջին Արևելքի և արաբական երկրներից որպես շնորհակալություն նրա համար, որ այդ ժողովուրդներն առաջինն էին, որ օգնության ձեռք մեկնեցին հայերին:
Կրթաթոշակները պետք է շարունակվեն դեռ յոթ տարի, ուսանողները կարող են սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում ու Ամերիկյան համալսարանում: «Ավրորա» մարդասիրական ցուցիչ ծրագիրն էլ կարևոր է այն առումով, որ առկա մարդասիրական խնդիրներն ավելի լուրջ ընկալվեն, չանհանգստացնեն մարդկանց միայն սեփական մաշկի վրա զգալու ժամանակ»,-ասաց նա:
Ջիլավյանը նշեց, որ նախաձեռնության եւս մեկ ծրագիրն էլ հենց «Ավրորա» մրցանակն է, որն անցկացվելու է ամեն տարի: Մրցանակի դափնեկրին ու հավակնորդներին կորոշի ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից:
«Այս տարի ևս լինելու է դափնեկրին տրվող մեկ միլիոն դոլարի դրամաշնորհը, որը միանգամից ուղղվելու է այլ բարեգործական կազմակերպություններին: Պահպանվելու է նաև այն 100 հազար դոլարը, որն անձամբ ստանում է դափնեկիրն աշխատանքը շարունակելու համար:
Ինչ վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, նախորդ տարի ընդհանուր աշխատանքները փակել ենք 23 մլն դոլար ծախսով, որի մոտավորապես 70 տոկոսը տրամադրել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը: Այս նախաձեռնության նաեւ միացել են այլ բարերարներ՝ Սամվել Կարապետյանը, Նուբար Աֆեյանը, Վլադիմիր Ավետիսյանը եւ այլք»,-նշեց Արման Ջիլավյանը:
Այս տարի եւս նախաձեռնության ղեկավարը լավատեսորեն է տրամադրված՝ հուսալով, որ այն իրոք կդառնա համահայկական ու համաշխարհային իրադարձություն որպես շատ հրապարակումներում նշվող «հայկական Նոբել»: