Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը սպորտում ունեցած ավանդի համար կարժանանա շքանշանի
Sport31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գոռ Մինասյանը կարժանանա «Սպորտում ունեցած հատուկ ավանդի և սպորտի զարգացմանը նպաստելու համար» շքանշանների:
«Ոսկե Մանգուստ» միջազգային մարզական ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի Օդեսա քաղաք կմեկնեն 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Գոռ Մինասյանը (105+ կգ) և նրա անձնական մարզիչ Հակոբ Փիլոսյանը:
Մրցանակաբաշխությունն իրականացվում է արդեն 8-րդ անգամ: Կազմակերպիչները մրցանակներ են նախապատրաստել սպորտին և մարզաշխարհին երկար տարիներ նվիրված անձանց համար: Մեծարվում են տարբեր մարզաձևերի մարզական տարվա չեմպիոնները, նրանց մարզիչները, ինչպես նաև սպորտի մասսայականացման և տարածման գործում մեծ ավանդ ունեցող անձինք:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու են մարզիկներ և մարզիչներ ավելի քան 10 երկրներից: Հայաստանի Հանրապետությունից միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվել են անձամբ Գոռ Մինասյանը և Հակոբ Փիլոսյանը, որոնց, ըստ կազմակերպիչների տարածած հաղորդագրության, հանձնվելու է «Սպորտում ունեցած հատուկ ավանդի և սպորտի զարգացմանը նպաստելու համար» շքանշաններ: