Սերբիայի նախագահը չի բացառում Երևան-Բելգրադ ուղիղ չվերթի բացումը
Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամությունը մշտապես գոյություն է ունեցել և շարունակելու է գոյություն ունենալ: ՀՀ Նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: «Մենք հայ ժողովրդի հետ կապված ենք նույն ճակատագրով: Մեր տարածքներով մշտապես անցել են մեծ տերությունները, նվաճողները: Մեր ժողովուրդները մեծ տառապանքներ են կրել, շատ անգամ փորձել են ոչնչացնել իր քաղաքակարթությունը, սակայն մենք կանգուն ենք մնացել: Մեր ժողովուրդներին առաջին հերթին սա է միավորում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլիչը՝ հավելելով, որ հայ և սերբ ժողովուրդներին միավորում է նաև այն, որ նրանք ապրում են ոչ թե գաղութացված, այլ իրենց սեփական տարածքներում:
Որպես երկկողմ համագործակցության առաջնահերթություն Տոմիսլավ Նիկոլիչն առանձնացնում է առևտրատնտեսական կապերի ամրապնդումը: Նա ընդգծեց, որ Հայաստանի և Սերբիայի միջև առևտրատնտեսական կապերն ամրապնդելու համար անհրաժեշտ է խրախուսել երկու երկրների գործարար միջավայրի կապերը: «Մենք պետք է խրախուսենք մեր գործարարներին, որպեսզի նրանք միմյանց հետ համագործակցելու ճանապարհներ գտնեն: Մենք չենք բացառում, որ կարող ենք Բելգրադրից Երևան ուղիղ չվերթ բացել, ինչպես նաև աշխատել մեր երկրների միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու խնդիրների վրա: Հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի խորանա և ամրապնդվի»,- ասաց Նիկոլիչը՝ հավելելով, որ իրենք ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը քննարկել են նաև Երևանում և Բելգրադում դեսպանություններ բացելու հարցը:
Սերբիայի Նախագահն անդրադարձավ նաև հոկտեմբերի 11-ին Եվրո 2016-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Հայաստան-Սերբիա ֆուտբոլային հանդիպմանը, որին նա ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին: «Պետք է ասեմ, որ մենք ականատես եղանք շատ գեղեցիկ հանդիպման: Պարոն Սարգսյանի համար ավելի հետշ էր արտահայտել իր էմոցիաները, քան ինձ համար, որովհետև ես հյուր էի: Սակայն ես գոհ եմ հանդիպման վերջնական արդյունքից, քանի որ հակառակ դեպքում մեզանից որևէ մեկը պետք է պարտվեր»,- ընդծեց Նիկոլիչը: