Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգը շահագրգիռ է Տավուշում կաթնարտադրության ոլորտի զարգացմամբ
EconomicsՖրանսիայի Օ-դը-Սեն նահանգի փոխնախագահ Իզաբել Կոլերին Հայաստան է ժամանել՝ մասնակցելու դեկտեմբերի 1-2-ն անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովին: Նա կարեւորեց համաժողովը ոչ միայն հմտությունների փոխանակման, այլեւ համագործակցության շրջանակում ընդգրկված համայնքների խնդիրներն ավելի լավ ճանաչելու տեսանկյունից:
«Այս համագործակցությունը շատ կարեւոր է, որպեսզի ավելի լավ ճանաչենք խնդիրները, աջակցենք դերակատարներին, կարողանանք շարունակել ծրագրերը համապատասխան տարածքներում, ինչպես օրինակ՝ մենք իրականացնում ենք Տավուշում: Մենք ունենք պատմական բարեկամական կապեր, մեծ հայկական սփյուռք, որն ընդգրկված է այս համագործակցության շրջանակում տարբեր գործողություններում: Ինչ վերաբերում է մեր դեպարտամենտին, մենք շատ ուրախ են զարգացնելու Տավուշի հետ մեր գործողությունները, որոնք մեկնարկել են գյուղատնտեսության, կաթնարտադրության ոլորտում: Սա մի ասպեկտ է, որն ուզում ենք զարգացնել այս համագործակցության շրջանակում, այսինքն՝ միջամտում ենք ամբողջ շղթայի ընթացքին՝ սկսած արտադրությունից մինչեւ առեւտրին առնչվող հարցերը: Շատ կարեւոր է առեւտրայնացնել արտադրանքը եւ՛ ազգային, եւ՛ միջազգային մակարդակում»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ընդգծեց նահանգի փոխնախագահը՝ հույս հայտնելով, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը կլինի շարունակական: