Տեղի ունեցավ Հովիկ Հովեյանի ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը
CultureԲանաստեղծ Հովիկ Հովեյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն և հեղինակի վերջերս հրատարակված «Руины Ноября» /«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսն անցկացվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Ջերմորեն շնորհավորում եմ ծննդյան 60-ամյակի առթիվ: Դուք մեր գրականության ճանաչված ներկայացուցի չներից եք:
Գնահատելի է Ձեր ավանդը հայ մշակույթի զարգացման գործում: Մաղթում եմ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը:
Երեկոյին ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ, որտեղ բանաստեղծն ինքն է պատմում Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում անցկացրած կյանքի ամենաիրական հատվածի` մանկության, դեպի Սասուն ձգվող իր արմատների, հոր` գրող Վաչագան Հովհաննիսյանի և այլ մեծանուն արվեստագետների ու մտավորականների մասին, ովքեր անջնջելի հետք են թողել բանաստեղծի կյանքում:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհավորեց բանաստեղծին և նախարարության կողմից բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության տնօրեն Հովիկ Հովեյանին ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
«Հովիկ Հովեյանն այն մարդկանցից է, որն, աշխատելով հանրային պետական հեռուստառադիոընկերությունում, մշակութային կյանքի մի մասն է եղել: Լինելով գլխավոր խմբագիր՝ ներկայացրել է արվեստի բոլոր ճյուղերը և իր մասնակցությունն ունեցել որպես սցենարիստ, բանաստեղծ, երգիչ: Շնորհավորում եմ նրան՝ մաղթելով լավագույնը»,- ընդգծեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Երեկոյի ընթացքում ընթերցվեցին բանաստեղծի ստեղծագործություններ և ելույթներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը, «Գևորգ Դաբաղյան և ընկերներ» դուդուկահարների անսամբլը: Դահլիճը լեփ-լեցուն էր և բուռն էր արձագանքում բոլոր կատարումներին:
«Գրքի թարգմանիչը Անահիտ Ղազարյանն է: Երկար ենք աշխատել և արդյունքում տպագրել այս փոքրիկ գիրքը:
Հույս ունեմ, որ ռուսալեզու ընթերցողին այն դուր կգա: Վերնագիրը բանաստեղծությանս տողերից մեկն է՝ «Նոյեմբերի ավերակը». այդպես եմ անվանել, քանի որ ըստ իս՝ աշխարհը վերակառուցվել է ավերակների վրա, մարդը վերակազմակերպվել է իր տոհմի ավերակների վրա, սերը նույնպես ավերակների վրա է, երկիր մոլորակը ևս»,- ասաց հեղինակը և հավելեց, որ հոբելյանական միջոցառումն ընկալում է իբրև հաշվետվություն և կարծում, որ խստապահանջ ընթերցողները կընդունեն այն:
Հովիկ Հովեյանը 1973 - 1978 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, աշխատել է Հայաստանի հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում, եղել հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ 1991 թվականից ՀԳՄ անդամ է: 2009 թվականից Երևանի «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի տնօրենն է::
Հեղինակել է տասնչորս բանաստեղծական ժողովածու, բազմախոհագրություններ, ակնարկներ, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, նրա սցենարներով ու տեքստերով նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր և կինոնկարներ, նրա տեքստերով գրվել են խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործություններ։ Իրանում թարգմանվել և պարսկերեն հրատարակվել է Հ.Հովեյանի «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն։ 2015 թվականին լույս է տեսել Հովիկ Հովեյանի «Անժամանակություն» բանաստեղծությունների ժողովածուն: