Ծաղկաձորում տարեկան ներդրումները հասնում են մոտ 10 միլիոն դոլարի
SocietyԾաղկաձորում ընդհանուր տարեկան ներդրումների ծավալը հասնում է մոտ 10 միլիոն դոլարի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ ներդրումները հիմնականում ուղղվում են զբոսաշրջային և հյու րանոցային ոլորտին: Նշված ոլորտները ապահովում են բնակչության 35-40 տոկոսի՝ շուրջ հազար հոգու աշխատանքը: «Ծաղկաձորը փոքր համայնք է, ուստի մենք կարողանում ենք որոշակի զբաղվածություն ապահովել նաև հարակից համայնքների, մասնավորապես Հրազդանի բնակչության համար»,- նշեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ծաղկաձորում ներկայում գործում են 43 հյուրանոցներ և 10 հյուրատներ: «Սա նշանակում է, որ Ծաղկաձորում հանգիստը միայն հարուստների համար չէ: Հյուրատներում գները տատանվում են 5-80 հազար դրամի սահմաններում»,- ասաց քաղաքապետը: Արթուր Հարությունյանի ներկայացմամբ՝ քաղաքում հայ և արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասարապես է բաժանվում:
Արտասահմանցի զբոսաշրջիկների աշխարհագրության մասով քաղաքապետը նշում է, որ նրանք հիմնականում գալիս են նախկին խորհրդային տարածքի երկրներից՝ հիմնականում Ռուսաստանից, Ղազախստանից և այլն: «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 1967թ. այստեղ ստեղծվել է ձմեռային սպորտի համար ԽՍՀՄ գլխավոր մարզահամալիրներից մեկը: Սակայն վերջին շրջանում նկատվում է նաև եվրոպացի զբոսաշրջիկների՝ ֆրանսիացիների, գերմանացիների ներհոսք»,- ընդգծեց Արթուր Հարությունյանը: Անդրադառնալով վիճակագրությանը՝ Ծաղկաձորի քաղաքապետը նշեց, որ հստակ թվեր դժվար է բերել, ս ակայն մոտավոր հաշվարկներով 2007-2016 թվականների ընթացքում զբոսաշրջիկների թիվը 60-70 հազարից հասել է մոտ 350 հազարի: Հարությունյանը նաև շեշտեց, որ առաջիկայում Ծաղկաձորի հիմնական եկեղեցու հարակից տարածքում նախատեսվում է ստեղծել զբոսայգի: Բացի այդ, 2017թ. քաղաքում բացվելու են մեկական ռեստորան, գինետուն և հյուրանոց: Քաղաքի հինգերորդ հինգաստղանի հյուրանոցի՝ «Արարատ Ռեզորտի» բացմանը ներկա է գտնվել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախքան Ծաղկաձորից մեկնելը Սերժ Սարգսյանին ներկայացվել են «ՀՀ բևեռային քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձոր քաղաքում իրականացվելիք ենթակառուցվածքային ներդրումների ուղղությունները և համայնքի զարգացման առաջնահերթությունները: