Եթե ստվերի դեմ չպայքարենք, մենք ուղղակի ապագա չունենք. Կարեն Կարապետյան
EconomicsՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի բացառում, որ անհրաժեշտ է հարկային քաղաքականության որոշակի պարզեցում:
Հայաստանի կառավարության ղեկավարը ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց, որ այդ հարցը քննարկվում է ձևավորվող ստրատեգիական նախաձեռնությունների կենտրոնում և հարկային քաղաքականությունը դիտարկվում է որպես առաջնային ուղղություն:
«Պարզեցման խնդիր կա: Գիտեք, որ Հարկային օրենսգիրքն ընդունել ենք վերջերս: Շատ լավ հասանում ենք, որ ոչ բոլորի կողմից է դա ընդունվել և հասկանում ենք նաև նրանց դժգոհություններն ու վերաբերմունքը, որը դրսևորվում է հետևյալ կերպ. «սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում եք, իսկ ստվերին որևէ վերաբերմունք ցույց չեք տալիս»:
Դրա մեջ որոշակի ճշմարտություն գուցե և լինի, սակայն մի բան հաս կանում ենք ակնհայտ՝ եթե մենք ստվերի դեմ չպայքարենք և չբերենք սպիտակ դաշտ, մենք ուղղակի ապագա չունենք:
Եթե մենք անհրաժեշտ քայլեր անենք, բազիս ձևավորենք, բիզնեսի հետ հետադարձ կապի մեջ լինենք, լսենք այն ցանկությունները, թե հարկային դաշտում ինչ բարեփոխումներ է պետք անել և ձևավորենք այդ կարծիքը, ապա կարող է և գնանք այդ քայլին»,- շեշտեց գործադիրի ղեկավարը:
Կարեն Կարապետյանը կառավարութան առաջնային խնդիր է համարում հասարակության հետ հետադարձ կապի ապահովումը, որպեսզի հասարակությանն ուղղված կառավարության ազդակները տեղ հասնեն:
«Եթե բիզնեսը, քաղաքացին չարձագանքեն, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում չունենան, իրավիճակը փոխելը շատ բարդ է լինելու»,-ամփոփեց կառավարության ղեկավարը: