Գալուստ Սահակյանը խոստանում է անդրադառնալ Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը
SocietyԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հորդորում է մեկնարկած քառօրյա նիստի ընթացքում քննարկման դնել և ընդունել Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը դատապարտող ԱԺ հայտարարությունը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարության նախագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ երկարատև քննարկումների արդյունքում հնարավոր եղավ համաձայնության գալ, որ Ազգային ժողովը պետք է Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունի, սակայն մինչ օրս այն չի քննարկվել լիագումար նիստում:
«Ես հասկանում եմ, որ Ազգային ժողովի կանոնակարգով ձեր բացառիկ իրավունքն է՝ երբ քննարկման դնել հարցը, սակայն կարծում եմ այստեղ հարցի նաև բարոյական կողմը կա: Եթե այս նստաշրջանի ընթացքում խորհրդարանը չընդունի այս հայտարարությունը, ես կարծում եմ, որ այստեղ բարոյական լուրջ խնդիր կունենանք: Ուստի հորդորում եմ ձեզ այս քառօրյայի ընթացքում Հյուսիսային Իրաքում 2014թ. առ այսօր շարունակվող եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող Ազգային ժողովի հայտարարությունը քննարկել»,- Արմենպրեսի hաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ խնդրին անպայման անդրադառնալ: «Եթե դա այդքան կարևոր է, ես կզրուցեմ հանձնաժողովի նախագահի հետ և կանդրադառնամ այդ խնդրին»,- ասաց ԱԺ նախագահը: