Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ցանկանում է Հայաստանում միազգային մրցաշար անցկացնել
SportՀայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան նպատակ ունի 2017 թվականին Հայաստանում միազգային մրցաշար անցկացնել:
«Նախապատրաստված լավ շրջան ենք անցել Եվրոպայի առաջնությունից առաջ: Այս առաջնությունը շատ արագ էր, քանի որ անցկացվում էր 4 մրցագորգի վրա: Շատ լավ անցավ, մենք լարված չէինք, ինչը շատ կարևոր է մարզիկի համար: Իմ մենամարտերը բարդ ստացվեցին, քանի որ 20 օր առաջ մրցում էի նաև աշխարհի առաջնությունում: Եվրոպայի այս առաջնությունը բաց առաջնություն էր, որին մասնակցում էին նաև Ամերիկայի և Ճապոնիայի մարզիկները»,-ասաց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Առուշանյանը:
Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի խոսքով` հայ մարզիկները հաջող են մասնակցել Եվրոպայի առաջնությանը: «Վերջին երեք տարիների ընթացքում սա մեր ամենափոքր նվաճումն էր: Այս ամենը հաշվի առնելով` նպատակ ունենք հաջորդ տարի Հայաստանում միջազգային մրցաշար կանցկացնենք»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահը:
Նոյեմբերի 24-26-ը Նիդերլանդների Պապենդալ քաղաքում տեղի է ունեցել կիոկուշին կարատեի Եվրոպայի 30-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի կիոկուշին կարատեի մարզիկները: Հայաստանի հավաքականը ներկայացել էր 4 մարզիկով, ովքեր բավականին լավ արդյունք են գրանցել:
Ռաֆայել Վարդանյանը, գրավելով առաջին տեղը, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ասրյանն արժանացել է արծաթե մեդալի, Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը, գրավելով 3-րդ տեղը, ստացել են բրոնզե մեդալներ: